Հայաստանի ամենաէլիտար ատկատները
Վերջին օրերին արդիական դարձած «ատկատների» թեման քննարկվում է հիմնականում այդ բառի ուղիղ իմաստով, որով բնութագրվում է պետական միջոցների փոշիացումն ու գրպանումը: Իրականում, սակայն, Հայաստանում միայն պետական գնումների գործընթացը չէ, որ հիմնված է «ատկատների» վրա: Ավելին` որքան էլ տարօրինակ հնչի, պետական գնումների ընթացքում կատարվող «ատկատները» մանրուք են այլ` ավելի գլոբալ «ատկատների» համեմատությամբ:
Խոսքը «քաղաքական ատկատի ինստիտուտի» մասին է, որն ընկած է Հայաստանի քաղաքական համակարգի հիմքում: Դրա լավագույն վկայությունն անցած խորհրդարանական ընտրություններն են:
Ցանկացած համապետական ընտրություն ինքնին Հայաստանում իրենից ներկայացնում է «ատկատի» մասսայական դրսևորում: Քանի որ ընտրական համակարգի միակ շարժիչ ուժը դարձած ընտրակաշառքները նույնպես, լայն իմաստով, ատկատի արտահայտություն են: Իշխանությունը և իշխանության թույլտվությամբ իրենց այլընտրանքային հռչակած ուժերն ընտրողների ձայնը գնում են 5-10-20 հազար դրամով: Համեմատությունն, իհարկե, այնքան էլ հաճելի չէ, բայց դա քիչ է տարբերվում, ասենք, պետական գնումների միջոցով գնվող վառելանյութի կամ պարարտանյութի գնման գործընթացից:
Դասական իմաստով, «ատկատ» անվանում են այն երևույթը, երբ պետության համար որևէ ապրանք գնելիս գնումն իրականացնող պետական պաշտոնյան ու վաճառողը հանցավոր համաձայնության են գալիս տվյալ ապրանքը շուկայականից բարձր գնով ձևակերպելու, ապա՝ տարբերությունը կիսվելու հարցում: Ընտրողների ձայնը` չունենալով դրամական գնահատման հատկություն և չլինելով շուկայական ապրանք, նույն կերպ գնվում է իշխանական կուսակցությունների կողմից: Կարելի է, իհարկե, հակադարձել, որ կուսակցություններն ու պատգամավորի իշխանական թեկնածուները ձայն են գնում ոչ թե ուղղակիորեն պետական բյուջեից, այլ իրենց գրպաններից:
Սակայն, մեծ հաշվով, դա ևս պետական փող է, քանի որ այդ ձայները գնվում են հենց նրա համար, որպեսզի ընտրությունների արդյունքում «հաղթող» ուժերն ու անհատները հնարավորություն ստանան տնօրինել պետական միջոցները: Սովորական ու ընտրական ատկատի տարբերությունն այն է, որ վաճառողը, այսինքն` ընտրողը, վերադարձնում է ոչ թե վճարված գումարի մի մասը, այլ 4 կամ 5 տարի այդ գումարի միլիոնապատիկն աշխատելու հնարավորությունը:
Իշխանությունների համար «ընտրական ատկատն» ունի ևս մեկ` ավելի կարևոր նշանակություն: Գոնե վերջին ընտրություններում ոչ իշխանական ուժերը խորհրդարանում հայտնվեցին հենց «ատկատի» արդյունքում: Իշխանությունը (ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն) կեղծեց ընտրությունները, ապահովեց այնքան մանդատներ, որքան անհրաժեշտ է, Հայ ազգային կոնգրեսին, Դաշնակցությանն ու «Ժառանգությանը» առաջարկելով վերցնել 7 կամ 5 մանդատ` ընտրությունների լեգիտիմության դիմաց:
Այսինքն` իշխանությունն ընտրակաշառքով գնված ու կեղծված ընտրությունների արդյունքներով, ըստ էության, գնեց (վճարեց) նաև ընդդիմադիր համարվող կուսակցություններին, որոնք մասնաբաժին ստացան քաղաքական համակարգում` փոխարենը լեգիտիմացնելով ընտրությունները:
Այնպես որ, «ատկատը» մեր իրականության մեջ ոչ միայն տնտեսական ու ֆինանսական զեղծարարությունների գործիք է, այլև շատ որոշակի քաղաքական արդյունքներ ապահովող «ինստիտուտ»: Ուստի վաղուց էր հասունացել ժամանակը, որ «ատկատը»` որպես արտահայտություն, արժանի տեղ զբաղեցնի Հայաստանի քաղաքական բառապաշարի այնպիսի եզրույթների կողքին, ինչպիսիք են «դաբրոն», «քվոտան», «կռիշը», «նայողը», և այլն: Սրանք կատեգորիաներ են, որոնց վրա հիմնվում է Հայաստանի իշխանությունն ու քաղաքական համակարգը: