Հակաամերիկյան ցույցերը հրահրվել էին վատ ֆիլմի՞, թե՞ վատ քաղաքականության պատճառով

Մուհամեդ մարգարեին ծաղրող և իսլամը վարկաբեկող ամերիկյան սիրողական ֆիլմն անցյալ շաբաթ զանգվածային և կատաղի հակաամերիկյան ցույցերի սանձազերծման պատճառ դարձավ ամբողջ աշխարհում:

Մոլեգնող ցույցերն մահացու ավարտ ունեցան, երբ անհայտ հարձակվողները գրոհեցին Լիբիայի Բենգազի քաղաքում գտնվող Միացյալ Նահանգների հյուպատոսարանը՝ սպանելով  Միացյալ Նահանգների դեսպան Քրիստոֆեր Սթիվենսին և երեք աշխատակիցների: Մի շարք երկրներում անվտանգության ուժերը սպանեցին տասնյակ ցուցարարների, քանի որ նրանք այրել էին ամերիկյան դրոշները և բարձրացել ԱՄՆ դեսպանատների պատերի վրա:

Կրակի վրա յուղ լցրեց սկզբնական հաղորդման մեջ հնչած այն կեղծ պնդումը, թե ֆիլմը նկարահանել և ֆիանասավորել են իսրայելցիները: Իրականում, այն նկարահանվել էր Հարավային Կալիֆորնիայում՝  եգիպտացի քրիստոնյա դատապարտյալի կողմից, ում ֆիլմը խստորեն քննադատել էր Լոս Անջելեսի Ղպտի եկեղեցու եպիսկոպոս Սրապիոնը:

Սակայն իսկական խնդիրը՝ գարշելի ֆիլմից և դրա անխոհեմ ռեժիսորից ավելի հեռուն է գնում: Ֆիլմը ցուցարարների համար պարզապես պատրվակ ծառայեց` արտահայտելու համար տասնամյակների ընթացքում կուտակած իրենց հակաամերիկյան ցասումը Միացյալ Նահանգների արատավոր և անարդյունավետ քաղաքականության հանդեպ: Սակայն սա չի արդարացնում ամերիկյան դիվանագետների սպանությունն ու ԱՄՆ դեսպանատների վրա հարձակումները:

Միացյալ Նահանգների իրար հաջորդող վարչակազմերի լուրջ բացթողումների բավականին երկար ցանկը կարող է բազմաթիվ հատորներ լրացնել: Անկախ նրանից, թե այն կկոչվի «արաբական գարուն» կամ «դժգոհության ձմեռ», երրորդ աշխարհի պետությունների ոտնահարված զանգվածները, ի վերջո, հակաամերիկյան զայրույթով բռնկվեցին՝ երկար ժամանակ հանդուրժելուց հետո Վաշինգտոնի կողմից  հովանավորվող դաժան բռնակալներին: Հաճախ ամերիկյան քաղաքական գործիչները կարճատև և անհեռատես նպատակների հասնելու համար վնասում են Միացյալ Նահանգների հեռագնա շահերը:

Միացյալ Նահանգների մեկ այլ ցավալի սխալը՝ օտարերկրյա կոռումպացված ղեկավարների գրպանները միլիարդավոր դոլարներով լցնելն է՝  մարիոնետների վարչակարգերին նեցուկ կանգնելու և նրանց բարեկամությունը գնելու համար: Ցավոք, ամերիկյան այս շռայլության չնչին մասն է հասնում աղքատներին և կարիքավորներին: Ի վերջո, զանգվածները տապալում են բռնակալներին և իրենց զայրույթը թափում Միացյալ Նահանգների մոտակա թիրախի՝ ամերիկյան դեսպանատան և դրոշի վրա, դրանք համարելով իրենց կեղեքման և թշվառության խորհրդանիշները:

Այնուհետև Վաշինգտոնում երկարատև կոնգրեսական լսումներ են տեղի ունենում, քանի որ օրենսդիրների մոտ հարց էր ծագել, թե ինչո՞ւ են այսքան շատ օտարերկրյա ղեկավարներ դարձել հակաամերիկյան, և նրանց կոռումպացված նախորդներն ի՞նչ են արել Միացյալ Նահանգների արտաքին օգնության միլիարդավոր դոլարները: Փոխանակ քայլեր ձեռնարկելու՝ համոզվելու համար, որ Միացյալ Նահանգների կողմից հատկացված օգնությունը հասնում է հասարակության ամենակարիքավոր խավերին, Կոնգրեսը հաճախ սպառնում է կասեցնել ամբողջ օգնությունը՝ նոր ղեկավարներին դաս տալու համար, դրանով իսկ նրանց էլ ավելի շատ թշնամացնելով:

Առավել խնդրահարույցն այն վտանգավոր դերն է, որ Միացյալ Նահանգները խաղում է տարածաշրջանային հակամարտություններում: Շահերի թյուրըմբռնման պատճառով ամերիկյան պաշտոնատարները շատ հաճախ օգտագործում են իրենց երկրի ծանր կշիռը` ամենուրեք խրվելով անհարկի պատերազմների մեջ կամ կողմնակալ դիրք բռնելով, մինչդեռ հավասարակշռված մոտեցումը կարող էր ավելի արդյունավետ դարձնել հակամարտությունների խաղաղ կարգավորման միջնորդությունը:

Շրջահայեցությունը հատկապես անհրաժեշտ է ընտրական տարվա ընթացքում, երբ Միացյալ Նահանգների նախագահական թեկնածուները չափազանց կողմնակալ հայտարարություններ են անում քվեարկող տարբեր շրջանակների շահերն առաջ քաշելու համար: Մի անզգույշ ելույթ կարող է հեռահար հետևանքներ ունենալ՝ գցելով Ամերիկայի վարկանիշը և վանելով միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում:

Արաբների և մահմեդականների մեծ մասը համոզված է, որ Ամերիկան անաչառ միջնորդ չի եղել արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման մեջ: Դրա հետևանքով, նրանք մեծ վրդովմունքով և խորը զայրույթով են համակված Միացյալ Նահանգների հանդեպ: Ցանկացած սադրանք, ինչպիսին Ղուրանի այրումն է կամ հակամահմեդական ֆիլմերի նկարահանումը, առաջ կբերի կատաղի հակազդեցություն: Քանի որ Միացյալ Նահանգների օրենքները պաշտպանում են անգամ ամենագարշելի խոսքերը, մարդիկ պետք է գիտակցեն, որ խոսքը հետևանք ունի և պարզապես, որովհետև ինչ-որ բան ասելն օրինական է, այդ չի նշանակում, որ խոհեմ է ամեն բան ասելը:

Սակայն, հանուն արդարության, պետք է նշել, որ աշխարհի ոչ բոլոր թշնամական գործողությունների համար պետք է մեղադրել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը: Յուրաքանչյուր ռասա, կրոն և ժողովուրդ ունի թշնամական գաղափարախոսությամբ ոգեշնչված ծայրահեղականներ, որոնց միակ նպատակն անխնա ոչնչացնելն է: Ցավոք, արևմտյան իշխանությունները և հասարակությունները հաճախ սխալմամբ մեղադրում են բոլոր նրանց ովքեր ծայրահեղականների ռասայական և կրոնական նույն պատկանելիությունն ունեն, դրանով իսկ թշնամացնելով միլիոնավոր խաղաղ քաղաքացիների:

Բարեբախտաբար, համալսարաններում` մասնագետների և պետական կառույցներում՝ փորձագետների պակաս չի զգացվում, որոնք կարող են խորհուրդ տալ և դաստիարակել Միացյալ Նահանգների ղեկավարներին, որոնցից շատերը տարրական գիտելիքներ չունեն միջազգային հարաբերություների վերաբերյալ: Դրա վառ օրինակն է նախագահ Ջորջ Բուշ կրտսերի զրույցը իրաքցի երեք ամերիկացիների հետ: Երբ նախագահին տեղեկացրել են, որ Իրաքում առկա են տարբեր տեսակի իսլամներ, նա իր հյուրերին հայտնել է, որ չգիտեր, թե այդ երկրում սունիներ և շիաներ կային: «Ես կարծում էի, որ իրաքցիները մահմեդական են», պատասխանել է նախագահ Բուշը:

Եթե վատ ֆիլմերը կարող են կարճատև բռնկումներ հրահրել, ապա վատ արտաքին քաղաքականությունը կարող է երկարատև վնաս հասցնել Միացյալ Նահանգների ազգային շահերին:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Տեսանյութեր

Լրահոս