Հայկազ Խաչիկյան. «Հիմնականում ես էի մտնում այդ վրեժխնդրության սցենարի մեջ»
168.am-ը Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է գտնվում իր եղբոր` Կարեն Խաչիկյանի դեմ հարուցված քրեական գործը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է Կ. Խաչիկյանը: Վերջինս կալանավորվել է Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու համար, որը զգալի չափերի վնաս է պատճառել:
Այս հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հիշեցնենք նաև, որ ըստ Ոստիկանության, օգոստոսի 30-ի երեկոյան Ոստիկանության Թումանյանի բաժինն ահազանգ էր ստացել Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա տեղի ունեցած հարձակման մասին։ Կարեն Խաչիկյանն, ըստ Ոստիկանության, իմանալով դեպքի մասին, իր հորեղբորորդի Վաչագան Խաչիկյանի հետ գնացել էր Արսեն Չիչյանի` Ախթալա քաղաքի բնակարանը, դիտավորյալ վնասել և մասամբ ոչնչացրել նրանց տան գույքը, հարվածներ հասցրել տան անդամներին: Կարեն Խաչիկյանը ձերբակալվել էր օգոստոսի 31-ին:
Այսօր մեզ հետ զրույցում Հայկազ Խաչիկյանն ասաց, որ այս պահին եղբոր կալանքի հարցը բողոքարկվել է: Անդրադառնալով օգոստոսի 30-ին կատարված դեպքին, նա նշեց, որ դա պայմանավորված էր վրեժխնդրությամբ:
«Կարծում եմ` վրեժի հարց է, որովհետև ինքը Սերոբ Տեր-Պողոսյանի անվտանգության ծառայության պետն էր, իբր թե թիկնապահը: Բանն էլ այն է, որ նախկինում էլ լռություն չէր եղել: Այո՛, եղել են սպառնալիքներ, բայց մի քիչ ավելի թեթև: Հիմա չեմ կարող ասել, բայց հետո կասեմ: Դրա համար պատճառներ կան,- ասաց Հ. Խաչիկյանը` ավելացնելով,- Իրենք մտածում էին, որ ոչ թե իմ եղբոր տուն են մտնում, այլ մտածում էին, որ դա իմ տունն ա: Հիմնականում ես էի մտնում այդ վրեժխնդրության սցենարի մեջ»:
Ախթալայի քաղաքապետի փոխանցմամբ` «Բողոլը դեռ հետախուզման մեջ է, և նրան ձերբակալելուց հետո Ախթալայում վիճակը կխաղաղվի»: