Հարազատի գերեզմանը օն-լայն դեռևս դիտում է ընդամենը մեկ հայ
Եթե ապրում եք Հայաստանի սահմաններից դուրս, իսկ հարազատը թաղված է, օրինակ, Հայաստանում, և ցանկանում եք, որպեսզի ձեր հարազատի գերեզմանը խնամված լինի, կարող եք, այսպես ասած` նեղություն չտալ ձեր բարեկամներին: Արդեն 5 տարի է` Հայաստանում գործում է «Գերեզման» ընկերությունը (www.gerezman.com):
Ընկերությունը ոչ միայն կառուցում է գերեզմաններ, այլև նրանց մոտ կարելի է պատվիրել ցանկացած տեսակի շինարարական, վերականգնողական և գերեզմանների խնամքի հետ կապված այլ ծառայություններ:
Ընկերության տնօրեն Անդրանիկ Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ծառայություններից ավելի շատ օգտվում են այն երկրներից, որտեղ ավելի շատ են հայերը. Ամերիկա, Ֆրանսիա, Ռուսաստան, և այլն:
«Ցավոք, հայերից շատերն այսօր չեն գտնվում Հայաստանում, իսկ թե ո՞վ կխնամի իրենց հարազատի գերեզմանը` նման խնդիր այլևս չկա»,- ասաց Ա. Վարդանյանը: Ըստ նրա՝ կախված ծառայություններից, գերեզմանի խնամքի գները տարբեր են. օրինակ՝ 2 ամիսը մեկ գերեզման այցելելու, գերեզմանը մաքրելու և ծաղիկներ դնելու ծառայություն մատուցելու համար 1 տարվա արժեքը 190 դոլար է:
Հանգուցյալի հարազատները մշտապես նկարների միջոցով տեղեկանում են իրենց հարազատի, բարեկամի գերեզմանի վիճակի մասին, քանի որ ծառայությունից առաջ և հետո նկարները տրամադրում են պատվիրատուին:
Իսկ ինչ վերաբերում է հարազատի գերեզմանին օն-լայն հետևելու ծառայությանը, ապա Ա. Վարդանյանի խոսքով՝ այդ ծառայությունից դեռևս օգտվել է մեկ ամերիկահայ: Ծառայությունը տրամադրվել է 2009 թվականին:
«Միայն պատվիրատուն հնարավորություն ունի մեր ինտերնետային կայքի միջոցով օն-լայն հետևել իր հարազատի գերեզմանին»,- ասաց Անդրանիկ Վարդանյանը: Ծառայության արժեքը տարեկան մոտ 800 դոլար է: