«Արցախում ՀՅԴ-իշխանություն հարաբերությունները բոլորովին այլ մակարդակի վրա են»

«Արցախում բոլորովին այլ իրավիճակ է. Արցախում Դաշնակցություն-իշխանություն հարաբերությունները բոլորովին այլ մակարդակի վրա են: Այնտեղ բնակչության, պետության և քաղաքական ուժերի օրակարգն էապես տարբերվում է հայաստանյան օրակարգից, և ուրեմն Հայաստանում ՀՅԴ-ի հարաբերություններն իշխանության հետ պարտադիր չէ, որ կրկնվեն Ղարաբաղում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը` ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է նա գնահատում Լեռնային Ղարաբաղում ՀՅԴ անդամներին` Արթուր Աղաբեկյանին ԼՂՀ փոխվարչապետ և Դավիթ Իշխանյանին արտգործնախարար նշանակելու փաստը:

«Իմիջայլոց վերջին 20 տարվա ընթացքում դա շատ հաճախ է տեղի ունեցել. օրինակ, երբ Դաշնակցությունը հետապնդված էր Հայաստանում` ձերբակալություններ, կուսակցության արգելում և այլն, Ղարաբաղում նման բան չկար, և որքան էլ Հայաստանի իշխանությունը ճնշեց ԼՂՀ-ի իշխանությունների վրա, որ նույն քաղաքականությունը վարի, նրանք այնուամենայնիվ, դա չարեցին:

Այնպես որ` եկե´ք իսկապես Արցախը դիտենք որպես հայ ժողովրդի երկրորդ պետականություն, որը եթե ոչ ամբողջությամբ է անկախ, ապա բավականաչափ ինքնուրույն է, և այս ինքնուրույն պետականության հետ իր հերթին ապակենտրոն կառույց ՀՅԴ-ի հարաբերությունները չպետք է անպայման դիտարկել Հայաստանի պրիզմայով»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` ավելացնելով, որ Արցախի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեն Հայաստանի ԳՄ-ից բացարձակապես անկախ է:

Իսկ մեկ այլ հարցին, թե ինչպե՞ս է Վահան Հովհաննիսյանը գնահատում սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության հայտնի խորհրդակցությունը` ՀՀ նախագահի մասնակցությամբ, ՀՅԴ Բյուրոյի անդամը պատասխանեց, թե չի տեսել այդ նիստի տեսագրությունը, քանի որ այդ օրը գտնվել է Ստրասբուրգում, որտեղ մեկնել էր, իր խոսքով, Եվրախորհրդարանի պատգամավորների հետ աշխատելու Սաֆարովի գործի վերաբերյալ հայտնի բանաձևի վրա:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս