«Բոլոր փաստերը Մշակույթի նախարարության դեմ են»
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում քննվեց «Ցուցահանդեսների կենտրոն» ՊՕԱԿ-ի նախկին տնօրեն Մհեր Գրիգորյանի հայցն ընդդեմ Մշակույթի նախարարության: Հիշեցնենք, որ հայցվորը պահանջում է չեղյալ համարել Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից Մհեր Գրիգորյանին «Ցուցահանդեսների կենտրոն» ՊՕԱԿ-ի տնօրենի՝ աշխատանքից ազատման հրամանը:
168.am–ի հետ զրույցում Մհեր Գրիգորյանը նշեց, որ պատասխանող կողմը`ՀՀ մշակույթի նախարարությունը, չէր ներկայացել դատական նիստին. «Իրենք եկան ուշացումով, այսինքն`երբ դատական նիստը վերջացել էր: Անցած անգամ դատավորը պահանջել էր ներկայացնել`ինչքան գումար եմ ես պահանջում Մշակույթի նախարարությունից: Նշեմ, որ գումարի չափը կախված է հարկադիր պարապուրդի ժամկետից: Գումարը կազմել էր ինը հարյուր քանի հազար: Ինչքան երկարի այս պրոցեսը, ամեն ամիս գումարին ավելանալու է 116.000 դրամ, որն իմ աշխատավարձն էր»:
Մհեր Գրիգորյանը նաև ասաց, որ ինքը ներկայացրել է փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Մշակույթի նախարարությունը կատարել է մեծ խախտում. իրեն աշխատանքից հեռացրել են հետին թվով. «Մայիսի 2-ից հետո ես տնօրեն եմ եղել մինչև մայիսի 8-ը: Ես ստորագրել եմ բանկային փաստաթղթեր, որով աշխատավարձ եմ բերել թանգարանի աշխատողներին: Եթե իմ պայմանագրի ժամկետը վերջանում էր ապրիլի 30-ով, ապա մայիսի 2-ին ես արդեն աշխատանքի չպիտի լինեի, բայց մայիսի 3-ին գնացել եմ հիմնարկ, 1 միլիոն գումար եմ վերցրել, բերել եմ աշխատողներին: Սրանով ես ապացուցեցի, որ նախարարն ինձ հետին թվով է հեռացրել: Աշխատավարձի վճարման տեղեկագիրը մայիսի 3-ին իմ ստորագրությունով է. աշխատավարձ ստանալիս ստորագրել է նաև Կարինե Իսահակյանը: Իհարկե, նրանք կցանկանային փոխել նաև այդ թիվը, բայց դա փոխել հնարավոր չէ, քանի որ Կարինեին չեն կարող գտնել, նա մահացել է»:
Նշենք, որ օգոստոսի 1-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը բանավոր հրաման էր արձակել «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Կարինե Իսահակյանին աշխատանքից ազատելու մասին: Այդ նույն գիշերը Կ. Իսահակյանն ընկել է խորը կոմայի մեջ, որից դուրս չգալով՝ օգոստոսի 5-ին մահացել է: Ըստ բուժող բժշկի` նա այդ վիճակին էր հասել ուժեղ սթրեսի պատճառով (ինչի հետևանքով արյան մեջ շաքարի պարունակությունն ընկել է):
Մեզ հետ զրույցում Մհեր Գրիգորյանն ավելացրեց, որ բոլոր փաստերը Մշակույթի նախարարության դեմ են, և ինքը համոզված է, որ իր հայցը բավարարվելու է:
Նշենք, որ դատական մյուս նիստը նշանակված է հոկտեմբերի 17-ին: