Սերգո Կարապետյանը կրկնում է Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել ոլորտի բոլոր պատասխանատուներին, քննարկելու սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գործադիր մարմինների ղեկավարներին տրված հանձնարարականները:
«Երկրի ղեկավարը, մեր առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների պահանջով, առաջին հերթին բոլորիս ուշադրությունը կենտրոնացրեց ավելի համակարգված և արդյունավետ աշխատանք ցուցաբերելու վրա»,- նշել է Սերգո Կարապետյանը:
Ըստ Սերգո Կարապետյանի, Ս. Սարգսյանն անդրադառնալով «Գնումների մասին» ՀՀ օրենքի իրականացման ոլորտում ապակենտրոնացված գնումների գործընթացում առկա համակարգային և կազմակերպչական բնույթի խնդիրներին, «ժամանակին և խիստ կարևոր գնահատականներ» է տվել երկրի տնտեսության զարգացման ընդհանուր միտումներին, զգուշացնելով, որ այդպես շարունակել այլևս հնարավոր չէ:
«Նախագահը հիշեցրել է, որ գնումների ընթացակարգն օրենքով ապակենտրոնացվել է, որպեսզի պետությունն արդյունավետ, այսինքն՝ ցածր գնով և լավորակ ապրանք ու ծառայություն գնի, այլ ոչ թե՝ հակառակը: Նման թերացումների դեպքում այլևս զուտ աշխատանքից ազատելը կամ կշտամբելը բավարար չի լինելու»,- ասալ է Սերգո Կարապետյանը:
Խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով ոլորտում գնումների և պետական բյուջեի արդյունավետ տնօրինման հետ կապված իր դիտարկումները` Կարապետյանը, ըստ նախարարության կայքում տեղադրված տեղեկատվության` «խստիվ հանձնարարել է» պահպանել օրենսդրական պահանջներն ու նորմերը, մրցույթների կազմակերպման առավել թափանցիկ ու արդյունավետ ընթացքի ապահովումը:
«Օրենսդրությամբ սահմանված պահանջներից ու սկզբունքներից յուրաքանչյուր շեղում, այս գործում ցուցաբերվող յուրաքանչյուր անհարկի դանդաղկոտություն կամ թերացում, համարժեք ու խիստ պատասխանի է արժանանալու: Հիշե՛ք, որ պետությանը հասցված վնասի յուրաքանչյուր դեպքով առաջին հերթին, որպես ոլորտի պատասխանատուներ, դուք եք մեղավոր, և հենց դուք էլ առաջինը պետք է պատասխան տաք կատարվածի համար»,- զգուշացրել է նա:
«Խորհրդակցության մասնակիցներն իրենց հերթին պարտավորվել են հետևել երկրի ղեկավարի հանձնարարականներին ու հնարավորինս սեղմ ժամկետներում էական փոփոխությունների հասնել «Գնումների մասին» օրենքի իրականացման և պետական բյուջեի արդյունավետ տնօրինման գործընթացներում»,- ասված է հաղորդագրության մեջ: