Բաժիններ՝

Ազգային մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանի մասով թյուրիմացություն է եղել. Համադուն Թուրե

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին: Վարչապետը նշել է, որ պարոն Թուրեի այցը Հայաստան լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ իր հերթին ՀՄՄ գլխավոր քարտուղարը գոհունակությամբ արձանագրել է, որ մեր երկրում հեռահաղորդակցության բնագավառում առկա են դրական փոփոխություններ, որոնցից իրենք բավարարված են:

«Ուրախ ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում տեսանելի են Հայաստանի զարգացումները: Իհարկե, այդ առաջընթացն ապահովելու գործում մեզ համար կարեւոր նշանակություն ունի նաեւ Հեռահաղորդակցության միջազգային միության օժանդակությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը ՀՄՄ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է, որ վերջերս հրապարակված Ազգային մրցունակության համաշխարհային զեկույցում օգտագործվել են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի  2009 թվականի ցուցանիշները, չնայած այն հանգամանքին, որ 2011-ի արդյունքները  տեղադրված են եղել ՀՄՄ  կայքում: Կառավարության ղեկավարը նշել է, որ եթե օգտագործվեին 2011-ի ցուցանիշները, ապա մեր երկրի մրցունակության մակարդակն ավելի բարձր կիներ:

Համադուն Թուրեի խոսքով՝ այդ հարցում թյուրիմացություն է տեղի ունեցել: ՀՄՄ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ 2011-ի ցուցանիշներով Հայաստանը ՏՏ բնագավառի աճի տեմպերով Հարավային Կովկասում առաջինն է եղել:

Այնուհետեւ զրուցակիցներն անդրադարձել են հեռահաղորդակցության ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի: Մասնավորապես, Համադուն Թուրեն պատրաստակամություն է հայտնել աջակցել Ռադիոկապի բյուրոյում Հայաստանի դիմումային փաստաթղթերի հնարավորինս արագ ընդունման գործում:

Վարչապետը հույս է հայտնել, որ ՀՄՄ-ն կօժանդակի նաեւ հաճախականությունների տիրույթի ռադիոմոնիթորինգի նախագծի իրականացման համար անհրաժեշտ ծրագրային ապահովման հարցում:

Կողմերը քննարկել են նաեւ ՀՀ-ում լայնաշերտ կապի համակարգի ներդրման աշխատանքներին վերաբերող հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս