Ռոքի լեգենդները՝ Ղարաբաղում
Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ «Dorians» ռոք խմբի համերգը, որին նվագակցում էր աշխարհահռչակ երաժիշտ, մեր հայրենակից, «Black Country Communion» խմբի անդամ Դերեք Շերինյանը:
Համերգի հատուկ հյուրն էր համաշխարհային ռոքի աստղ, անգլիացի բաս կիթառահար, վոկալիստ, «Deep Purple» և «Black Sabbath» խմբերի նախկին մասնակից, այժմ` «Black Country Communion» խմբի անդամ Գլեն Հյուզը: Անվճար բացօթյա համերգին ներկա էին հազարավոր արցախցիներ: Ռոքի լեգենդ Գլեն Հյուզի ներկայությունը Ղարաբաղում ռոքի սիրահարների համար անակնկալ էր:
Այդպիսով, Գլեն Հյուզն առաջին ռոք աստղն էր, ով ելույթ ունեցավ Ստեփանակերտում: Կենտրոնական հրապարակում ռոք տրամադրություն էր տիրում: Որևէ մեկը չէր կարող երևակայել, որ օրերից մի օր ռոքի լեգենդ Գլեն Հյուզի կատարմանը ներկա կգտնվի Ղարաբաղում: Համերգին ներկա լինելու համար Ստեփանակերտ էին մեկնել երևանյան երկրպագուները: Երկրպագուների առաջին շարքերում կանգնած չինացի մի աղջնակ, որ այդ օրերին մի նախագծի շրջանակներում Արցախ էր այցելել` իր հեռախոսով հուզված տեսանկարահանում էր համերգը…
Մինչ համերգը Գլեն Հյուզին, Դերեք Շերինյանին, « Dorians» ռոք խմբի անդամներին և համերգի նախաձեռնող «Instituto de Astrofisica de Canarias» (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, աստղաֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրաելյանին ընդունել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Երաժիշտները նաև հանդիպել են Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
Ստեփանակերտ այցելության օրը, չնայած երկարատև ճանապարհի ընթացքին, երաժիշտներն այցելել են Լեռնային Ղարաբաղի սրբավայրերից մեկը` Գանձասար վանքը: Համերգի մասնակիցներին ոգեշնչել էր այն մթնոլորտը, որ տիրում էր Ստեփանակերտում: «Ես սիրում եմ ձեզ: Ես հպարտ եմ և ոգեշնչված եմ այն փաստով, որ այսօր գտնվում եմ Ղարաբաղում` քրիստոնեական մշակույթով հարուստ այս երկրում, մի երկրում, ով առաջինն է ընդունել քրիստոնեությունը:
Շնորհակալ եմ ձեզ և շնորհակալ եմ Ղարաբաղի նախագահին` այս ջերմ ընդունելության համար»,-ասաց Գլեն Հյուզը համերգի մասնակիցներին: Համերգը շարունակվում էր: Ավարտին նրանց երկրպագուները շրջապատել էին և մակագրություններ էին վերցնում, լուսանկարվում աշխարհահռչակ երաժիշտների հետ:
Ի դեպ, Դերեք Շերինյանը, ով նաև պրոդյուսերական գործունեությամբ է զբաղվում, այսուհետ աջակցելու է Dorians» հայկական ռոք խմբի գործունեությանը: Նա հիացած է խմբի վոկալիստ Գոռ Սուջյանի ձայնային տվյալներով և կատարողականությամբ: Նրանք պատրաստվում են թողարկել երևանյան և ղարաբաղյան համերգների ձայնասկավառակը և տեսահամերգները, ինչպես նաև՝ հանդես կգան Լոս Անջելեսի «Ալեքս» համերգասրահում:
Ստեփանակերտ-Երևան