Ափսոս էր «Հայկական աշխարհը»

Շաբաթ օրը, առավոտյան «շատ անկախ» հոգեբան Կարինե Նալչաջյանն ասուլիս էր հրավիրել ու հայտարարում էր, թե հայ ժողովուրդը ժողովրդավարական ղեկավարի կարիք չունի ու ավտորիտար ղեկավար է ուզում: Երևի միայն Նալչաջյանին ու նախագահի աշխատակազմին էր հայտնի, որ դրանից ընդամենը մի քանի ժամ անց հեռուստաեթերը ողողվելու է նախագահ Սերժ Սարգսյանի «ջղային» ելույթով:

Քարոզչական հաշվարկը շատ պարզ էր, նույնիսկ պարզունակ. առավոտյան «հեղինակավոր հոգեբանը» (նա, ի դեպ, այն հոգեբաններից է, ովքեր 2008 թվականի մարտի 1-ից հետո օրումեջ ասուլիսներ էին հրավիրում` ապացուցելու համար, որ հանրահավաքների մասնակիցները «նեյրոլինգվիստիկ ազդեցության տակ» են եղել) խոսում է «հասարակության պահանջից», երեկոյան` նախագահն անձամբ այդ պահանջները բավարարող ելույթ է ունենում կառավարության անդամների առաջ` մարմնավորելով ավտորիտար ղեկավարի հանդեպ հայ ժողովրդի ունեցած անհագուրդ սերը:

Իրականում, ինչպես արդեն գրեթե բոլորը հասցրել են գնահատել, կառավարությունում Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունն ընդամենը նախագահական ընտրություններին ընդառաջ նախընտրական շոուների շքերթի մեկնարկն էր: Դրանից ընդամենը կարելի է եզրակացնել, որ Ս. Սարգսյանի քարոզչությամբ զբաղվողները որոշել են այս անգամ կերտել «ուժեղ առաջնորդի» կերպար, որը հանուն ժողովրդի բարօրության՝ գրեթե միայնակ պայքարում է բոլորի, այդ թվում` սեփական կառավարության անդամների դեմ:

Այդ հարցում նրան օգնում են այնպիսի «անբասիր» պաշտոնյաներ, ինչպիսիք են, ասենք, նախագահի Վերահսկողության ծառայության ղեկավար Հովաննես Հովսեփյանը (նրա անունը, իհարկե, մամուլի էջերից չի իջնում, նա ընդամենը մեկ-երկու տասնյակ բնակարաններ ունի Երևանի նորակառույց շենքերում, դրանցից ընդամենը մի քանիսի դեպքում է, որ տուժել են շարքային քաղաքացիներ):

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունը ոչ այնքան հաջող բեմադրված շոու էր, որն ուներ մի քանի հասցեատեր: Մեկը, բնականաբար,  հասարակությունն է, որն, այդ միջոցառման կազմակերպիչների հաշվարկներով, Ս. Սարգսյանի ելույթները լսելով՝ անհամբեր սպասելու է 2013 թվականի փետրվարին` նրան իր ձայնը տալու համար: Մյուս հասցեատերը քաղաքական ուժերն էին, առաջին հերթին՝ ՀՀԿ-ի համար «ոչ թշնամի ու ոչ էլ հակառակորդ» ԲՀԿ-ն:

Ընդհանրապես, այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ Ս. Սարգսյանի նկատողությունները կառուցված էին ոչ այնքան իր վերահսկողության ծառայության տրամադրած նյութերի, որքան ԲՀԿ մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանի վերջին հայտարարության հիման վրա:

Ս. Սարգսյանը շաբաթ օրը վարչապետ Տիգրան Սարգսյանին բառի բուն իմաստով նախատում էր նույն այն պատճառներով, որոնց մասին Ուրիխանյանը խոսել էր իր այդ հայտարարությունում. ատկատներ, հորեղբոր-քեռու տղայի համար կազմակերպվող տենդերներ, և այլն: Այսինքն` Ս. Սարգսյանը ԲՀԿ-ին գրեթե ուղղակիորեն հասկացնում էր, որ կիսում է Տ. Սարգսյանի վերաբերյալ ԲՀԿ-ի գնահատականները: Ուստի, եթե ԲՀԿ-ի հետ «սատարման բանակցությունները» բարեհաջող ավարտվեն, ապա վարչապետի պաշտոնը կարող են ստանալ նաև մոտ ապագայում` նախագահական ընտրություններից առաջ:

Սերժ Սարգսյանի այդ հայտարարություններից հետո հաջորդ քայլը պետք է լիներ կառավարության պաշտոնանկության մասին հրամանագրի ստորագրումը: Ոչ միայն այն պատճառով, որ Ս. Սարգսյանն՝ ինքը, անբավարար է գնահատում կառավարության աշխատանքը: Ս. Սարգսյանն իր դիմելաձևով ու տոնով նվաստացնում էր Տիգրան Սարգսյանին ու կառավարության անդամներին:

Երբ դա արվում է «ուղիղ եթերով», առանց այդ էլ առանձնապես մեծ հեղինակություն չունեցող այդ պաշտոնյաներին, լավագույն դեպքում, վերաբերվելու են հեգնանքով: Ե՛վ  հասարակությունը, և՛ նրանց ենթականերն ու օպոնենտները:  Ինչպե՞ս են ամոթխած, նվաղած դեմքերով այդ պաշտոնյաներն իրենց ենթականերին ու «հորեղբոր տղաներին» հանձնարարելու, որ «եկել է աշխատելու ժամանակը»:

Իհարկե, արժանապատվության նվազագույն չափաբաժին ունենալու դեպքում, այդ պաշտոնյաները չէին սպասի պաշտոնանկության հրամանագրին, այլ իրենք դիմումներ կգրեին, սակայն  Հայաստանում վաղուց արժանապատվությունը պաշտոնյաների արժեքային համակարգից դուրս գտնվող կատեգորիա է:

Ս. Սարգսյանը վարչապետի ու մյուսների հետ խոսում էր այնպիսի տոնով, որով խոսում են միայն աշխատասենյակներում, առանց ավելորդ մարդկանց ներկայության: Սակայն, ավելի հավանական է, որ այս դեպքում աշխատասենյակում Ս. Սարգսյանը վարչապետի ուսին թմփթմփացնելով՝ ասել է, որ հանուն «պետության շահի»՝ պետք է մի քիչ բարկանա, ինքն էլ պետք է «սթափվի» դրանից:

Հ.Գ. Կարծում ենք, ժամանակն է, որ Կարինե Նալչաջյանը հասարակական երևույթների ընդհանրական գնահատականներից անցնի ավելի կոնկրետ աշխատանքի: Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո նրա անդամները` Տ. Սարգսյանի գլխավորությամբ, հաստատ, հոգեբանի կարիք կունենան:

 

Տեսանյութեր

Լրահոս