
«Մարդը և տիեզերքը» գիտաժողով` Ստեփանակերտում

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Ստեփանակերտում մեկնարկել է «Մարդը և տիեզերքը» գիտաժողովը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ստեփանակերտում գիտաժողովի մասնակիցներին:
Այս մասին 168.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` ԼՂՀ նախագահը մասնավորապես ասել է.
«Հայկական լեռնաշխարհը հանդիսանում է տիեզերքի ուսումնասիրման երկրագնդի ամենահին վայրերից մեկը, ինչի մասին են վկայում այստեղ առկա հինավուրց աստղադիտարանները: Ոլորտը մեծ զարգացում է ապրել նաև 20-րդ դարում, որը կարելի է համարել հայ աստղագիտության ոսկե դարը: Տիեզերքի ուսումնասիրման գործում շոշափելի է նաև ծնունդով արցախցի գիտնականների ներդրումը, ինչը մեծ հպարտություն է ներշնչում մեզ բոլորիս:
Այդ իսկ պատճառով, մենք չափազանց կարևորում ենք տիեզերքի ուսումնասիրմանը նվիրված գիտական միջոցառումների անցկացումը մեր երկրում, հատկապես՝ անվանի մասնագետների մասնակցությամբ: Համոզված եմ, որ «Մարդը և տիեզերքը» գիտագործնական գիտաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջև դրված խնդիրները և կխթանի տիեզերքի ուսումնասիրման հանդեպ հետաքրքրությունը մեր հանրապետությունում:
Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք և ամենայն բարիք»: