«Ինչ էլ արել եմ, լավ եմ արել, եթե հնարավորություն ունենամ, էլի եմ անելու»

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Վրաստանում շուտով ավարտելու է իր մեծ ռեստորանի շինարարությունը: Նա նշել է, որ ինքը ռեստորան չի կառուցում, պարզապես ծնունդով Վրաստանից է, այնտեղ բազմաթիվ կապեր ունի և օգնում է իր ընկերոջը ռեստորանի կառուցման հարցում: Պատգամավորը վստահեցրել է, որ կառուցվող ռեստորանում ինքը որևէ մասնաբաժին չունի:

Անդրադառնալով Նյու Յորքի դաշնային դատարանի` իր դեմ  37,5 մլն դոլարի վճիռ կայացնելու մասին տարածված տեղեկություններին` Այվազյանը նշել է, որ դա անհեթեթություն է, իրեն չէին կարող տուգանել, որովհետև ինքը ոչ պայմանագրի կողմ է, ոչ պայմանագրի առկա մասնակից: «Ինչ էլ արել եմ, լավ եմ արել, եթե հնարավորություն ունենամ, էլի եմ անելու»,- հայտարարել է Վարդան Այվազյանը` վստահեցնելով, որ իր կողմից որևէ կոռուպցիա, պահանջների չարաշահում չի եղել:

«Ոչ պայմանագրի կողմ եմ, ոչ էլ պայմանագրի քննարկմանը մասնակցություն, աջակցություն եմ ունեցել, արբիտրաժը քննարկում է զուտ պայմանագրային հարաբերություններ, մնացածի մեկնաբանությունը թողնում եմ ձեզ, դա մոտավորապես նույնն բանն է, որ Կամբոջայում տանեն դատեն»,- նշել է նա:

Վարդան Այվազյանը նաև հավելել է, որ իրեն տուգանելու մասին առաջինը տեղեկացել է լրատվամիջոցներից և չի հասկանում, թե դա ինչ է: Պատգամավորի խոսքով` իրեն չեն տուգանել, պարզապես վարույթ են սկսել պայմանագրային կողմերի միջև և նախատեսվում է վարչական տուգանք ներկայացնել: Նա կեսկատակ-կեսլուրջ էլ ասաց, թե հենց հիմա, հասնելով Երևան, կգնա և կվճարի այդ գումարը, կամ էլ եթե վճիռ են կայացրել, կարող են գալ և իրեն բռնել:

Կարդացեք նաև

Կայքը հիշեցնում է, որ «Չորրորդ ինքնիշխանությունը» գրել էր, թե ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը Վրաստանում շուտով ավարտելու է իր մեծ ռեստորանի շինարարությունը:  «Շրջանառվող խոսակցությունների համաձայն` Այվազյանի «օբյեկտը» իր ծախսերով և շքեղությամբ մրցակից չունի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում»:

Իսկ երեկ «Հետքը» հրապարակել էր, որ Նյու Յորքի դաշնային դատարանը 37,5 մլն դոլարի վճիռ է կայացրել ընդդեմ Վարդան Այվազյանի: Ըստ վճռում եղած նյութերի` 2006թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ձեռնարկություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից ենթարկվել էր կոռումպացված և ոչ պատշաճ պահանջների: Ընկերությունը այդ իրավիճակի մասին տեղեկացրել է Հայաստանի և Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին:

Տեսանյութեր

Լրահոս