
Ադրբեջանն այսօր ունակ չէ լսելու որևէ այլ կարծիք

Եվրախորհրդարանի հրապարակած բանաձևը կարելի է համարել դրական, քանի որ պարզ նշված է, որ Եվրախորհրդարանը դժգոհ է, տարակուսանքն է հայտնում Ռ. Սաֆարովի հետ կատարվածի առիթով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
«Հայաստանն իր դիրքորոշումների մեջ մեղադրանքներն ուղղում է դեպի Հունգարիան, բայց, կարծում եմ, պետք է դատապարտել Ադրբեջանի քայլը, ինչպես ընդհանուր առմամբ դա արծարծվեց այս կոնվենցիայում: Փաստորեն, այս փաստաթուղթն ամբողջությամբ դատապարտում է Ալիևի քայլը»,- ասաց նա:
Հ. Իգիթյանի դիտարկմամբ` փաստաթուղթն իրավաբանական քայլեր իրականացնելու համար բավարար չէ, սա պարզապես Եվրոպական խորհրդարանի վերաբերմունքն է. «Այս կոնվենցիան չենք կարող համարել անգամ Եվրամիության անդամ երկրների կարծիք: Ահա հաջորդ քայլը, որ պետք է իրականացնի Հայաստանը, որ նույն կարծիքն, առնվազն, ունենան Եվրամիության անդամ երկրները՝ աշխարհի լուրջ խաղացող պետությունները»:
Ինչ վերաբերում է հարցին, թե այս բանաձևն ինչ նշանակություն կարող է ունենալ Ադրբեջանի համար, ապա Հ. Իգիթյանը պատասխանեց. «Ադրբեջանն այսօր ունակ չէ լսելու որևէ այլ կարծիք, բացի այն կարծիքից, որը հնչում է իրենց քարոզչական մեքենայից: Խոսքս շարքային քաղաքացիների մասին չէ, այլ այն պաշտոնյաների, որոնց հարցազրույցները ես պարբերաբար կարդում եմ ադրբեջանական մամուլում: Եվ տարօրինակ չէ, որ Ադրբեջանը խիստ բացասաբար է արձագանքել այս բանաձևին»: