ՀՀԿ-ում չեն հետաքրքրվում Վարդան Այվազյանի ճակատագրով

Երեկ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 6-ին  Նյու Յորքի դաշնային դատարանը կայացրել է մի վճիռ, որի համաձայն ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը պարտավոր է հօգուտ ամերիկյան «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի վճարել 37,5 մլն ԱՄՆ դոլար:

168.am-ի հարցին` կարո՞ղ եք իրավական գնահատական տալ Նյու Յորքի դատարանի վճռին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, եթե վճիռը չեմ կարդացել և այդ պրոցեսին ծանոթ չեմ: Իրավական առումով մի բան կարող եմ միայն ասել, որ Նյու Յորքի պետական դատարանի վճիռները ՀՀ տարածքում կատարման ենթակա չեն, ինչպես և հակառակը»:

Մենք Դ.Հարությունյանից նաև հետաքրքրվեցինք` օրինակ, եթե Վարդան Այվազյանն այս վճռից հետո ցանկանա գնալ ԱՄՆ դեսպանատուն կամ ընդհանրապես Միացյալ Նահանգներ, նրան կձերբակալե՞ն, ՀՀ արդարադատության նախկին նախարարը պատասխանեց. «Դիմեք իրենց, թող պարզաբանեն: Ես ամերիկյան օրենսդրության գիտակ չեմ»:

Իսկ ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով 168.am-ի հարցին, թե ՀՀԿ-ում ի՞նչ կարծիք ունեն այս հարցի վերաբերյալ, ասաց. «Քանի որ դա իրավական հարց է, ես էլ պարոն Այվազյանի հետ չեմ խոսել, դատական վճռի մանրամասներին էլ տեղյակ չեմ, ուստի ես իրավական հարցերին գնահատական չեմ տալիս»:

Մեր այն հարցին, թե` հնարավո՞ր է, որ այս վճիռը քաղաքական ենթատեքստ ունենա, Է. Շարմազանովը պատասխանեց. «Ես Վարդան Այվազյանի հետ չեմ խոսել և այդ հարցը չեմ քննարկել, և  այդ վճռի քաղաքական, տնտեսական ենթատեքստերին, միտումնավո՞ր է, թե՞ միտումնավոր չէ,  թույլ տվեք նման հարցի չպատասխանել»:

Նշենք, ըստ վճռում տեղ գտած նյութերի՝ 2006 թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել էր կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից։ Ընկերությունը տեղեկացրել էր այդ իրավիճակի մասին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին: Արդունքում ընկերությունը Այվազյանի պատճառով կորցրել էր Հանքավանի հանքավայրի նկատմամբ հսկողությունը։ Այս գործը 2006թ. մեծ հնչեղություն էր ստացել, և բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը հայտնվել էր սկանդալի կենտրոնում, երբ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն նրան մեղադրել էր մի քանի միլիոն դոլար կաշառք պահանջելու մեջ:


Տեսանյութեր

Լրահոս