Շախմատ` առանց տրոյական ձիու

«Քաղցած եմ», «Շնորհակալություն, շատ համեղ է» և լիարժեք կյանքի համար անհրաժեշտ որոշ բառեր օգնում են ֆիլիպինուհի Արիաննա Կաոյլիին` շախմատիստ Լևոն Արոնյանի ընկերուհուն, կողմնորոշվել Հայաստանում:

Սակայն սա ամենը չէ. Արիաննան ասաց, որ Հայաստանում ամենամոգական ազդեցությունը գործում է իր` «Եղբա՛յր, նայի՛ր հաշվիչին» արտահայտությունը` ուղղված, բնականաբար, հայաստանցի տաքսիստներին: Վերջիններս տեսնելով, որ ուղևորուհին ազգությամբ հայ չէ, 600 դրամի փոխարեն պահանջում են 1500-2000 դրամ:

Եվ պատկերացնո՞ւմ եք նրանց հիասթափությունը, երբ աղջիկը մաքուր հայերենով խնդրում է նորից նայել հաշվիչինգ Արիաննային և Հայաստանի շախմատի ազգային հավաքականի մարզչին և շախմատիստներին հանդիպեցի մասնավոր մի միջոցառման ժամանակ (ներկա չէին միայն Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Պետրոսյանը): Խախտելով բարեկրթության և հյուրընկալության կանոնները (տանտերը նրանց չէր զգուշացրել, որ հյուրերից մեկը լրագրող է, հետևաբար կարող է որոշակի անհարմարություններ ստեղծել)` կարճ զրուցեցի մեր թիմի մարզիչ, միջազգային գրոսմայստեր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արշակ Պետրոսյանի, աշխարհի 2-րդ ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի և միջազգային գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի հետ:

Պարո՛ն Պետրոսյան, պարբերաբար շեշտում եք, որ թիմում մեկը բոլորի համար է, բոլորը` մեկի: Այսինքն` թիմը հավաքելիս, վարկանիշային գործակիցներից բացի` անհրաժեշտություն կա հաշվի առնել նաև շախմատիստների մարդկային որակները:

– Այդ առումով` մեր թիմն անխոցելի է. բոլորը հրաշալի շախմատիստներ լինելուց բացի` հրաշալի մարդիկ են: 2004-ից հստակ սիստեմ է աշխատում. մեր թիմի առաջին 4 տախտակներն ընտրում ենք` ըստ վարկանիշային գործակցի, իսկ 5-րդ մասնակիցը Հայաստանի շախմատի առաջնության այդ տարվա չեմպիոնն է: Այսպիսով` նպաստում ենք նաև Հայաստանում շախմատի զարգացմանը: Այս սկզբունքով առաջնորդվելու դեպքում լավ խաղն ապահովված է:

Իսկ պատահականության գործոնը հաշվի առնվո՞ւմ է:

– Գործակիցը` գործակից, բայց կոնկրետ խաղն այլ բան է. հասկանալի է, որ եթե ստաբիլ ունեք բարձր գործակից, լավ հանդես կգաք: Սակայն դա նաև չի նշանակում, թե կոնկրետ մրցաշարում անպայման լավ արդյունք ցույց կտաք: Պատահականությունները հաշվարկել, գիտեք, հնարավոր չէ, բայց կարելի է դրանք մինիմումի հասցնել:

Մեր թիմի առանձնահատկություններից մեկը նաև հաջողությունից գլխապտույտի մեջ չընկնելու կարողությունն է:

– Անշո՛ւշտ: Մեր թիմին դա չի սպառնում, քանի որ տղաներն անչափ համեստ են: Կգա հաջորդ մրցույթի ժամանակը, և տղաները նույն ջանասիրությամբ կաշխատեն, կպայքարեն` դարձյալ լավ արդյունք ցույց տալու համար:

Քաղաքականությունը ներխուժել է սպորտ: Այս անգամ էլ անչափ ուրախանալով մեր թիմի հաղթանակից` ամեն դեպքում ֆիքսեցինք` հաղթանակը տեղի է ունեցել Թուրքիայում, հաղթական պարտիան խաղացել ենք Հունգարիայի թիմի հետ:

– Այս անգամ քաղաքական մի շարք իրադարձություններ, այո՛, համընկան, դա՛ է պատճառը, որ հունգարացիների հետ խաղը ևս բարոյական հարթություն տեղափոխվեց: Սակայն հնարավոր չէ ժխտել, որ Ստամբուլում հաղթելը, երբ հնչում է քո երկրի հիմնը, բարձրանում է քո երկրի դրոշը, իրո՛ք շեշտելու անհրաժեշտություն ունեին: Քաղաքականությունն ինչ-որ տեղ ազդում է` չէինք կարող չնկատել, որ խաղում էինք Թուրքիայում, սակայն տղաները փորձառու շախմատիստներ են, և առաջին պլանում խաղն էր: Քաղաքականությունը` քաղաքականություն, սակայն մենք առաջին հերթին խաղում ենք շախմատ և աշխատում ենք մեր գործում հասնել մեր նպատակին: Շատ է լարվածությունը. մեկ շախմատային խաղը միջինը 40-45 քայլ է, և յուրաքանչյուր քայլը լուրջ որոշում է: Պատկերացրեք` մի քանի ժամվա ընթացքում պետք է ճշգրիտ որոշումներ ընդունեք: Դա շատ բարդ է: Պատասխանատվությունը շատ մեծ է:

Երբ 6-րդ դարում ստեղծվեց շախմատը, 64 քառակուսիներով տախտակի տրամաբանությունը ռազմի դաշտն էր, ուր մրցում են սև և սպիտակ ուժերը: Խաղաքարերը (փղեր, նավակներ), այսօր արդեն հնացած են` որպես պատերազմելու գործիքներ:

– Այո՛, ատոմային ռումբը խորհրդանշող ֆիգուր շախմատում չկա: Սակայն շախմատի ուղերձը, ասելիքն ամենևին չի նվազել: Ինչո՞վ է շախմատը հետաքրքիր. մինչ օրս միլիոնավոր պարտիաներ են խաղացվել, բայց ոչ մի պարտիա չի կրկնվել, քանի որ յուրաքանչյուր խաղացողի մտածողությունը տարբեր է, անկրկնելի:

Լևո՛ն , Ձեր մի հարցազրույցում նշել էիք, թե բնավորությամբ ծույլ եք: Սակայն դժվար է պնդել, թե ծուլությամբ եք շախմատում հասել նման որակի:

– Ծուլությունը կա, բայց ես դրա վրա միշտ աշխատել եմ, հիմա էլ աշխատում եմ, ու կարող եմ ասել` եթե ոչ 100 տոկոսով, բայց 50 տոկոսով այդ խնդիրը լուծել եմ: Այն ժամանակ, երբ աշխատելու, պարապելու անհրաժեշտություն է առաջանում, ես դա անում եմ: Ինքս ֆանատիկ չեմ և այդ պատճառով ամբողջ օրը պարապել չեմ կարող:

Շախմատը Ձեզ համար աշխատա՞նք է:

– Ո՛չ, հաճույք: Շախմատն իմ ամենասիրելի գործն է: Շախմատի միջոցով ես արտահայտվում եմ, դրսևորվում:

Սպորտը ժամանակի ընթացքում ողջ աշխարհում վեր է ածվում բիզնեսի: Տեսնում ենք` ինչ գումարներ են ուղղվում ֆուտբոլի վրա: Իսկ շախմատո՞ւմ ինչպես է

– Եթե գիտես, որ ինչքան էլ քո գործը լավ կատարես, դա ոչ մի ձևով քո ֆինանսական վիճակի վրա չի անդրադառնա, լավ չես զգում: Կարևոր է, որ եթե շախմատիստները կամ ցանկացած ոլորտի մասնագետներ աշխատում են, հաջողություններ են ունենում, իրենց ինչ-որ չափով ապահովված զգան: Գիտեք, միշտ չի ստացվում վաստակել այնքան, որքան ցանկանում ես: Սակայն ինձ համար դա չէ գլխավորը: Հիշում եմ, երբ փոքր էի, մենք համեստ հնարավորություններ ունեինք, և ես ինձ չէի կարող թույլ տալ մասնակցել բոլոր այն մրցույթներին, որոնց ցանկանում էի:

Դուք հինգ պակաս աշխարհի չեմպիոն եք. դասակարգման աղյուսակում աշխարհի 2-րդ ուժեղագույն շախմատիստն եք: Եթե Աստված կամենա, և դառնաք աշխարհի չեմպիոն, հետո՞

– Հետո՞… Չեմ կարծում, որ մարդը գալիս է այս աշխարհ իր համար: Եթե կարող եմ իմ աշխատանքով շատ մարդկանց ուրախացնել, նրանց կյանքի մի մասնիկը գոնե ուրախությամբ լցնել, կհամարեմ, որ իմ արածն անիմաստ չէ: Կոնկրետ մենք ծնվել ենք Հայաստանում: Սա փոքր երկիր է: Եվ ինձ համար կարևոր է, երբ այլ ազգերին հիշեցնում ես քո երկրի, ժողովրդի մասին:

Դուք անկե՞ղծ եք: Շախմատի առաջին դեմքերը սովորաբար սիրում են ոչ թե «մենք» ասել, այլ` «ես»: Եվ հետո այնքան ընդունված է կարծել, որ շախմատիստները կոսմոպոլիտ են:

– Ինձ համար շատ կարևոր է այն աջակցությունը, որ մենք զգում ենք մեր ժողովրդի կողմից: Եվ դա այդպես է: Կան մարդիկ, ովքեր անգամ չեն հետաքրքրվում շախմատով, սակայն, երբ մեր միջոցով նրանք սկսում են հետաքրքրվել շախմատով, լսել մեր երկրի` Հայաստանի մասին, ինձ երջանիկ եմ զգում:

Իսկ անձնակա՞ն երջանկությունը:

– Անձնական երջանկությունը, կարծում եմ, նա է, երբ մարդն ուրիշների մեջ գտնում է իրեն: Ամեն օրը, որը ես ապրում եմ, անգամ դժվարությունն ինձ ուրախություն, հաճույք է պատճառում: Ամեն օրն ապրելն արդեն երջանկություն է: Ապագայի մասին չեմ մտածում, քանի որ չեմ տեսնում ապագայի մասին մտածելու անհրաժեշտություն:

Ժամանակ ունենո՞ւմ եք գիրք կարդալու:

– Կան հեղինակներ, որոնց շատ եմ կարդում: Սեմյուել Բեքեթ, Անդրեյ Պլատոնով, Կաֆկա: Այդ մարդիկ ինձ համար անընդհատ հայտնություն են. կարող ես ամեն օր բացել նրանց գրքերն ու հասկանալ, թե որքան խորություն ունեն նրանք, որ ամեն Աստծո օր կարող ես նրանց ընթերցել:

Ասացիք` «Ամեն Աստծո օր»: Վատ տոն է հարցնել` որքա՞ն գումար կա գրպանումդ, կամ` հավատո՞ւմ ես Աստծուն: Սակայն Ձեր դեպքում չեմ կարող չհարցնել` Դուք հավատո՞ւմ եք Աստծուն:

– Ինչ-որ կոնկրետ մի բանի չեմ հավատում: Ինքս փախչում եմ «սրբություն» բառից: Չեմ սիրում, երբ ասում են` այս բանը սուրբ է, մյուսը սուրբ չէ: Չեմ հասկանում դա: Եթե մի բանն ընդունում ես որպես սրբություն, ուրեմն մնացյալ ամեն ինչը ևս պետք է ընդունես որպես սրբություն: Ես գիտեմ, որ այս ամեն ինչը ստեղծված է, բայց թե ինչպես կամ ում կողմից` ինքս չգիտեմ: Միայն այն փաստը, որ աշխարհը, կյանքը, բնությունը ստեղծված են և կան, դա հրաշք է: Հրաշք է այն, որ մարդը, որ փոքր արարած է և շատ փոքր շանս ուներ այստեղ լինելու, ծնվել է, ապրում է:

Շախմատային օլիմպիադաներում մեր թիմի յուրաքանչյուր հաղթանակից հետո Օպերայի բակում մեծ համերգ է կազմակերպվում Ձեր և մյուս տղաների պատվին: Սակայն, չգիտես ինչու, կարծում եմ, որ ավելի զգացված կլինեիք, եթե այդ երաժշտությունը լսելու անհրաժեշտությունից շախմատիստներին ազատեին:

– Ես սիրում եմ դասական երաժշտություն, ջազ: Շատ եմ սիրում հայկական ժողովրդական երաժշտությունը: Հայրիկ Մուրադյանի ձայնը, օրինակ, ինձ շատ է դուր գալիս, հանգստացնում է:

Գաբրիե՛լ, քաղաքականությունը դարձյալ խառնվեց սպորտին. ՖԻԴԵի որոշմամբ` 2016թ. Շախմատի համաշխարհային օլիմպիադան անց է կացվելու Բաքվում: Եվ մեր թիմը ստիպված է լինելու չմասնակցել կարևորագույն այդ մրցույթին:

– Ինքս կարծում եմ, որ սխալ է սպորտին խառնել քաղաքականություն, սխալ է կոնֆլիկտներ ունեցող երկրներում մրցաշարեր կազմակերպելը: Իմ կարծիքով, պաշտոնական, կարևորագույն մրցաշարերը, ուր ներկայացվում են երկրները, ազգային հավաքականները, պետք է կազմակերպվեն չեզոք երկրներում: Նկատի չունեմ միայն Հայաստանն ու Ադրբեջանը: Կան կոֆլիկտներ ունեցող այլ երկրներ ևս, և այդ գործոնը հաշվի չառնել և մարզիկներին դնել նման վիճակում, ճիշտ չէ: Ի վերջո, կան մարզիկներ, ում համար մասնակցությունը կամ, ավելի ճիշտ, չմասնակցելը կարող է ճակատագրական լինել: Եվրոպայի թիմային առաջնությանը, իմ կարծիքով, արդեն Ադրբեջանը չի մասնակցի (2014թ. Երևանում կանցկացվի Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը, 2015-ին` Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը, ամենայն հավանականությամբ, ևս կանցկացվի Հայաստանում.- Լ.Ա.):

 Պատկերացնո՞ւմ եք, եթե կոնֆլիկտի կողմերից յուրաքանչյուրը փորձի իր երկրում անցկացնել նման մրցաշարերը, մրցավազք կսկսվի, ահավոր բան կլինի` ամեն անգամ կա՛մ մենք չենք մասնակցի, կա՛մ մյուս կողմը: Սա Շախմատի միջազգային կազմակերպության մեղքն է, իմ կարծիքով:

Այն, որ քաղաքական խնդիրներ ունեցող երկրներում միջազգային մրցաշարեր կազմակերպելիս կոնֆլիկտի կողմերից մեկը չմասնակցելու խնդիր կունենա, պարզ է նաև Շախմատի օլիմպիական կոմիտեին: Այդ դեպքում կոնֆլիկտներ ունեցող երկրներից որևէ մեկին նախապատվություն տալը` ակնկալելով մյուս կողմի չմասնակցելը, չե՞ք կարծում, որ և՛ս քաղաքականություն է:

– Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդպիսի մեծ հարցերը հիմնականում լուծվում են մեծ միջոցներով, փոքր հարցերը` փոքր միջոցներով:

Սպորտում, ինչպես և այլ բնագավառներում, կոռուպցիան շատ է: Եթե ֆուտբոլում կամ նման այլ մարզաձևերում սուբյեկտիվ գործոնները շատ են, շախմատում, թվում է, ամեն ինչ պարզ է` նստած են երկու հոգի, մտածում են, քայլերը ֆիքսվում են:

– Շախմատում կոռուպցիայի, սուբյեկտիվիզմի հնարավորությունները փոքր են: Այնտեղ աշխատում են հենց նույն այդ մեթոդներով: Արոնյանի դեպքում, երբ ինքը շատ լավ պատրաստ է, փորձում են այնպիսի վայրերում մրցաշարեր անցկացնել, որ նա չմասնակցի: Կանխամտածված քայլեր հնարավոր են վիճակահանության ժամանակ, սակայն, երբ խաղն արդեն սկսվում է, ոչ մի ձևով չեն կարող խանգարել: Բոլոր շախմատիստները նախևառաջ կարևորում են խաղն ու կենտրոնանում են խաղի վրա:

Նկատեցիք, թե սխալ է, երբ քաղաքականությունը փորձում են կապել սպորտին: Սակայն, ինչպես տեսնում ենք, դրանից խուսափել հնարավոր չէ: Նույն Ստամբուլում ադրբեջանցիները, կապված Սաֆարովի արտահանձնման հետ, հարցազրույցներ էին տալիս, ինչպես մամուլում գրեցին, իրենց ագրեսիվ էին պահում:

– Կա՛ քաղաքականության ճնշումը, այո՛: Եվ հենց ադրբեջանական թիմի օրինակով կարող եմ ասել, որ հենց այդ ուղղակի կամ անուղղակի ճնշումն էր պատճառը, որ նրանք ուզում էին ցույց տալ, թե հայրենասեր են, ռիսկով են: Մեր դեպքում, պատկերացրեք, ոչ մի ճնշում չի եղել: Թեև մեր շախմատիստները Հայաստանի ղեկավարության հետ մոտ հարաբերություններ ունեն, սակայն մեզ վրա քաղաքական կամ հոգեբանական ոչ մի ճնշում չկա, մենք լրիվ ազատ ենք` մեր գործով լիարժեք զբաղվելու:

Երբ զրուցում էի Լևոն Արոնյանի հետ, նա խոսեց կյանքի, երջանկության վերաբերյալ իր պատկերացումների մասին: Դուք այդ թեմայով մտածե՞լ եք:

– Գիտեք, այդ հարցերում չեմ խորացել, որովհետև, կարծում եմ, դրա պատասխանը չկա` ի՞նչ է կյանքը, ինչո՞ւ ենք ծնվել: Դրանք փիլիսոփայական հարցադրումներ են, և մարդիկ դարերի ընթացքում փորձում են պատասխաններ գտնել: Բայց դրանք հարցեր են, որոնց պատասխանները գտնել հնարավոր չէ:

Տեսանյութեր

Լրահոս