Բաժիններ՝

ԱՄՀ-ն հետաքրքրված է «Հյուսիս-հարավ» մայրուղու և երկաթուղու կառուցմամբ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը` առաքելության ղեկավար Մարք Հորթընի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՏԿՆ հասարակության հետ կապերի բաժնից:

Գագիկ Բեգլարյանը նշել է, որ տրանսպորտի եւ կապի նախարարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնցից առավել կարեւորել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարակական աշխատանքների մեկնարկը, Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցումը: Նախարարը, մասնավորապես, շեշտել է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը Հայաստանի համար ունի տնտեսական եւ պետական մեծ նշանակություն: Մարք Հորթընը նախարարին ներկայացրել է, որ իրենց առաքելության նպատակներից մեկը Հայաստանի տնտեսական քաղաքականության ամենամյա քննարկումներն են, որի շրջանակներում հանդիպում են շահագրգիռ կազմակերպությունների, մասնավոր հատվածի հետ: «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների մեկնարկի կապակցությամբ Հորթընը հետաքրքրվել է, թե  այդ ծրագիրն ինչքանով կարող է նպաստել Հայաստանի տնտեսական աճին: Նախարար Բեգլարյանը վստահեցրել է, որ մինչ տարեվերջ Հայաստանը կգրանցի տնտեսական բարձր ցուցանիշեր, որոնց վրա իր ազդեցությունը կունենա նաեւ «Հյուսիս- հարավ» ծրագիրը: Նա կարեւորել է շինարարական աշխատանքների մեկնարկը, նշել, որ տրանսպորտի եւ կապի նախարարությունն իր հնարավորությունների սահմաններում անելու է ամեն բան աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու համար`ընդգծելով նաեւ ճանապարհների կառուցումից հետո դրանց սպասարկման, որակի ապահովման անհրաժեշտությունը: Խոսելով Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման մասին ` Գագիկ Բեգլարյանը  նշել է, որ  այդ նախագիծը կարեւոր եւ շահեկան նշանակություն ունի Հայաստանի համար, որի  հետ կապված խնդիրները քննարկման փուլում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս