«Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը որոշակի իմաստով բախտակիցներ են»

Վերջերս ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ուսումնասիրում է նախագահական ընտրություներում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը: 168.am-ի թղթակիցը Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից հետաքրքրվեց` արդյոք նա հնարավոր համարո՞ւմ է, որ մրցապայքարի մեջ մտնեն հանրապետության երեք նախագահները:

Ի պատասխան, Հ. Հովհաննիսյանն ասաց. «Չեմ բացառում, սա միանգամայն հավանական է: Միշտ ասել եմ, որ 70% հավանականություն կա, որ նախագահականին կունենանք այս պատկերը: Իհարկե, սա լրացուցիչ ինտրիգ կհաղորդի ընտրություններին: Այս երեք քաղաքական այրերը, ովքեր պատասխանատվություն են կրում մեր նորանկախ պետության քսանամյա զարգացման արդյունքների, ձախողումների և ձեռքբերումների համար նախագահական ընտրարշավի ժամանակ կարող են ծանրութեթև անել իրենց արածն ու չարածը: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանին ու Լ. Տեր-Պետրոսյանին, ապա նրանք որոշակի իմաստով բախտակիցներ են, քանի որ հասկանում են, որ այս ընտրափուլը կլինի իրենց վերջին շանսը` վերադառնալու պետության ակտիվ կառավարման դերակատարությանը: Սա պայմանավորված է նրանով, որ այս ընրությունները կատարվելու են ներկայի ու անցյալի միջև: Անցյալը ներկայանում է առաջին և երկրորդ նախագահների տեսքով, իսկ ներկան` գործող նախագահի: Սրանք անցումային շրջանին բնորոշ ընտրություններ են, քանզի ընտրությունը լինելու է ոչ թե ներկայի և ապագայի, այլ ներկայի ու անցյալի միջև: Սրանք այդ կարգի վերջին ընտրություններն են լինելու, որովհետև 2018 թվականից ընտրությունն այլևս կլինի ներկայի ու ապագայի միջև: Իսկ անցումային շրջանը կանցնի պատմության գիրկը: Կարծում եմ, որ այս ընտրությունների ֆավորիտը, ինչպես և նախորդ ընտրություններում, լինելու է գործող նախագահը»:

Տեսանյութեր

Լրահոս