Տեր-Պետրոսյանը դաշնակիցների ինվենտարիզացիա է անում

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուսումնասիրում է գալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունները. «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Տեր-Պետրոսյանը շատ լուրջ պետք է քննարկի բոլոր գործոնները, քաղաքական, բոլոր ռեսուրսները` մինչև կարողանա որոշում ընդունել այդ ուղղությամբ: Կարևոր են այլ քաղաքական ուժերի մոտեցումները: Եվ այդ ամենը պետք է ճշտել. և’ ներքաղաքական առումով մեր հարաբերությունները, և’ արտաքին քաղաքական առումով մեր հարաբերությունները: Պետք է հասկանալ, թե ինչ նախադրյալներ կան նման որոշման ընդունման համար»,- ասել է նա:

Հարցին, թե որքանո՞վ առաջին նախագահի որոշման վրա կարող է ազդել այլ քաղաքական ուժերի հնարավոր աջակցությունը նախագահի ընտրություններում, Զուրաբյանը պատասխանել է.

«Դա բնական է: Ցանկացած լուրջ թեկնածու, գնահատելով իր շանսերը որևէ ընտրություններում, նաև կատարում է իր դաշնակիցների ինվենտարիզացիա: Բանակցում է, փորձում է հասկանալ, թե ինչ կոնֆիգուրացիայով կանցնեն ընտրությունները»:

Կարդացեք նաև

Նա հավելել է, որ պաշտոնական բանակցություններ այդ հարցով առայժմ չեն ընթանում, սակայն եթե Տեր-Պետրոսյանն առաջադրվի և նրան սատարեն հիմնական քաղաքական ուժերը, ապա դա «հաղթող սցենար» կլինի:

Ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ ուժերից «Բարգավաճ Հայաստանը» սատարի Տեր-Պետրոսյանին, Զուրաբյանն ասել է, թե այդ հարցը պետք է ուղղել ԲՀԿ-ին:

«Այսօր պետք է մտածել, թե ինչպես համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել նրան, որ ընտրություններով ընդհանրապես Հայաստանում իշխանություն փոխվի: Այսօր այդ ճանապարհը փակ է: Հանրապետական կուսակցությունն իրեն հավերժորեն կարգել է իշխող ուժի դիրքում: Ահա սա է, որ պետք է ջարդել: Եվ, կարծում եմ, այդ ուղղությամբ հնարավոր է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք հասկանում են այդ խնդրի կարեւորությունը»,- նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս