«Եթե Հովիկ Աբրահամյանը կարող է դառնալ ԱԺ նախագահ, ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չի կարող դառնալ ՀՀ վարչապետ»
168.am-ի հարցին` ի՞նչ եք կարծում, իր անդամներից ԲՀԿ-ն ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում, վրջերս շրջանառվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը, հնարավոր համարո՞ւմ եք, որ Ռ. Քոչարյանը լինի ԲՀԿ վարչապետի թեկնածուն, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատասխանել է.
«Ես մի առիթով ասել եմ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծռուկյանին հաջողվում է մանևրել երեք նախագահների միջև: Սա թույլ է տալիս ենթադրել, որ Ծառուկյանը կարող է որոշակի ակնկալիքներ ունենալ երեքից էլ` որոշակի ժամանակահատվածում պահպանելով «բալանսը» նրանց միջև: Եթե Հովիկ Աբրահամյանը կարող է դառնալ ԱԺ նախագահ, ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չի կարող դառնալ ՀՀ վարչապետ: Մեր իշխանության պարագայում ամեն ինչ հնարավոր է: Ես ոչինչ չեմ կարող բացառել մի իրավիճակում, երբ խորհրդարանի ղեկավարը, ով պետք է լինի N1 հրապարակային գործիչը, հայտարարում է, որ միջին կարգի բիզնեսմեն լինելն ավելի դժվար է, քան` քաղաքական գործիչ: Երբ նման կարծիք է հայտարարվում ամենաբարձր ամբիոնից, ապա ցանկացած մեկին այսօր կարելի է պատկերացնել վարչապետի պաշտոնում: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի վարչապետ նշանակվելուն, ես թերահավատորեն եմ մոտենում այս տարբերակին, չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը որևէ հանգամանքում Քոչարյանին վարչապետ կնշանակի»: