Պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին հորդորում է կատարել Բուդապեշտի առջեւ ստանձնած պարտավորությունները

Պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին հորդորում է կատարել Ռամիլ Սաֆարովի հարցով Բուդապեշտի առջեւ ստանձնած պարտավորությունները։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այդ մասին երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլանդը։

Լրագրողներից մեկի խնդրանքին` ներկայացնել Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների խոսակցության վիճակը, Նյուլանդը արձագանքել է. – «Մենք, ինչպես գիտեք, այդ մասին հայտարարություն հրապարակեցինք հունգարացիների կողմից նրան [Սաֆարովին] Ադրբեջան արձակելուց հետո, եւ մենք կապի մեջ ենք ադրբեջանցիների հետ ու հորդորում ենք նրանց կատարել պարտավորությունները, որոնք նրանք, ինչպես հաղորդվում է, ստանձնել են հունգարացիների առջեւ՝ արձակումից առաջ»։

Իսկ հարցին` «արդյոք, ձեր ըմբռնմամբ, նրանք հետեւո՞ւմ են այդ պարտավորություններին», Նյուլանդը պատասխանել է. – «Մենք ունենք որոշ մտահոգություններ, ինչպես ասել ենք ի սկզբանե, այդ հարցի շուրջ հատկապես»։

Բուդապեշտում 2004 թվականի փետրվարին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար հունգարական դատարանի կողմից 2006 թվականին ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը այս տարվա օգոստոսի 31-ին արտահանձնվեց Ադրբեջանին եւ Բաքու ժամանելուն պես ներման արժանացավ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։

Կարդացեք նաև

Նույն օրը Սպիտակ տունը պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ` խորին մտահոգություն հայտնելով տեղի ունեցածի կապակցությամբ եւ հայտնելով, որ պարզաբանումներ է պահանջում Ադրբեջանից եւ Հունգարիայից։

Պետդեպարտամենտը, իր հերթին, մտահոգություն հայտնեց Ադրբեջանի նախագահի որոշման կապակցությամբ եւ բացատրություն պահանջեց։

Սաֆարովի արտահանձնումը պատճառ դարձավ, որպեսզի Հայաստանը պաշտոնապես կասեցնի դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։

Տեսանյութեր

Լրահոս