Իշխան Զաքարյանի համար «չթույլատրվող» բնագավառ չկա

Աժ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ թվարկեց այն ռիսկային կոռուպցիոն ոլորտները, որոնք բացակայում են ՎՊ-ի ծրագրերից:

Ըստ Ա. Մանուկյանի՝  2011թ. Հայաստանն իր ռիսկային ցուցանիշներով զբաղեցնում է 133-րդ տեղը (183 երկրների շարքում): «Ինչի՞ց Դուք պետք է կազմեիք Ձեր ծրագրերը, եթե ոչ՝ այստեղից, մանավանդ, որ կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում բաժանված են ըստ տարածվածությամբ: Ձեզ տեղյակ պահեմ, վստահ եմ՝ գիտեք, որ դրանք համարվում են իրավապահ համակարգը, Պաշտպանության նախարարությունը, դատական և ոստիկանական համակարգերը, որից հետո նոր գալիս է առողջապահությունը և կրթությունը: Այս երեքի համար, Ձեր հաշվետվությունից եմ ասում, ոչինչ չեք արել: Եվ երրորդը՝ ելնելով նաև սրանից, ես կարծում եմ՝ փորձեք ապացուցել հակառակը, որ Ձեզ համար տաբու է Ֆինանսաների նախարարությունը, պաշտպանության նախարարությունը  և իրավապահ համակարգը»,- ասաց Ա. Մանուկյանը:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, սակայն, հակադարձեց Արամ Մանուկյանին` ասելով.  «Պարոն Մանուկյան, չթույլատրվող բնագավառ չկա: Սա ես Ձեզ վստահ ասում եմ: Ուժային կառույցները մենք ստուգել ենք, և ուժային կառույցների ստուգումների արդյունքները մեր հաշվետվության մեջ ներառված չէ այն պարզ պատճառով, որ դրանք պարունակում են գաղտնի տեղեկատվություն, և դրանք օրենքի տառին համապատասխան գտնվում են համապատասխան վայրում: Դուք՝ որպես պատգամավոր, իրավունք ունեք տիրապետել այդ խնդիրներին: Մենք  կարող ենք Ձեզ առաջարկել գաք Վերահսկիչ պալատ»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս