Բաժիններ՝

«ՄԱՊ»-ը չի նեղացնի գյուղացիներին

Արմավիրի «ՄԱՊ» կոնյակի-գինու գործարանը 10-15 օր առաջ արդեն սկսել էր խաղողի մթերման աշխատանքները: Այս մասին այսօր 168.am-ը տեղեկացավ «ՄԱՊ» ընկերության ֆինանսական գծով տնօրեն Անդրանիկ Խաչատրյանից:

Ըստ Ա. Խաչատրյանի, «ՄԱՊ»  կոնյակի-գինու գործարանն ունի արտադրական մեծ հնարավորություններ, ուստի մթերելու է մեծ քանակությամբ խաղող: «Արդեն մթերում ենք կարմիր խաղողը: Մթերման գինը 150 դրամ է, որն այսօրվա մթերման գնի տվյալներով՝  ամենաբարձր գինն է: Արդեն մթերել ենք 300 տ խաղող: Նախապատրաստվում ենք մթերելու սպիտակ խաղողը՝ 140 դրամով»:

Հարցին, թե  ի՞նչ ծավալների արտադրանք կարող է գործարանը մթերել, Ա. Խաչատրյանը պատասխանեց. «Մեր արտադրական հնարավորությունները մեզ մեծ քանակի մթերումներ են թույլ տալիս: Բացի դա էլ, ունենք գյուղացիների հետ կնքած շուրջ 100 խաղողի մթերման պայմանագրեր: Բացի այդ պայմանագրերից, ունենք նաև համագործակցություններ խոշոր ֆերմերների հետ, որոնց հետ ամեն տարի համագործակցում ենք: Նրանց հետ պայմանագիր չունենք: Որքան էլ որ լինի այս տարվա խաղողի քանակը, մեր արտադրական հնարավորություններից ելնելով, ոչ մի ֆերմերի չենք նեղացնի»:

Հարցին, թե նախորդ տարի «ՄԱՊ»-ն ի՞նչ գնով է խաղող մթերել, Ա. Խաչատրյանը պատասխանեց. «Անցած տարի մթերման գինը եղել է 130-150 դրամ: Միջին գինը,  այնուամենայնիվ, եղել է 140 դրամը»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ մթերվող խաղողի գինը չպետք է ցածր լինի 140 դրամից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս