Պրոֆեսոր Դեյվիդ Քրիսթլը գալու է Հայաստան
Համաշխարհային հռչակ վայելող, հեղինակավոր լեզվաբան, պրոֆեսոր Դեյվիդ Քրիսթլը Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հրավերով ժամանելու է Հայաստան: Հոկտեմբերի 7-10-ը Դեյվիդ Քրիսթլը հանդես կգա չորս դասախոսությամբ, ինչպես նաև Շեքսպիրին նվիրված կարճ ներկայացմամբ: Դասախոսությունները նվիրված են լինելու անգլերեն լեզվի տեսությանը, կիրառմանն ու դասավանդմանը:
Հեղիանակավոր պրոֆեսորի և անգլերեն լեզվի առաջատար մասնագետի դասախոսություններին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ նախնական գրանցմամբ: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղից:
Տեղեկացնենք, որ լեզվաբան, գրող, խմբագիր, դասախոս և հաղորդավար Դեյվիդ Քրիսթլը հրատարակել է ավելի քան 100 հեղինակային գրքեր և ճանաչելի դարձել գլխավորապես իր՝ անգլերեն լեզվի ուսումնասիրության հետազոտական աշխատություններով: Դեյվիդ Քրիսթլն առավել հայտնի է իր երկու «The Cambridge Encyclopedia of Language» և «The Cambridge Encyclopedia of the English Language» հանրագիտարանների շնորհիվ:
Շեքսպիրագիտության վերաբերյալ կատարած այլ աշխատանքների մեջ մտնում են բազմաթիվ հոդվածներ Շեքսպիրի Globe թատրոնի Around the Globe ամսագրում: «Think on My Words: Exploring Shakespeare’s Language» լույս է տեսել 2008-ին:
Տասը տարի շարունակ Քրիսթլը եղել է Րեդինգի համալսարանի ամբիոնի վարիչը, իսկ այժմ Ուելսի համալսարանի Լեզվաբանության պատվավոր պրոֆեսոր է: Ներկայումս նա իր ժամանակի մի մասը նվիրում է լեզվի ուսումնասիրությանը, իսկ մյուսը` համացանցային ծրագրերին: Դեյվիդ Քրիսթլը եղել է մի շարք ռադիո և հեռուստանախագծերի խորհրդատու, մասնակից կամ հաղորդավար:
Դրանց թվում են «The Story of English» (BBC հեռուստաընկերություն, խորհրդատու, 1986թ.), «The Story of English» (ռադիո տարբերակ, BBC World Service, հեղինակ և հաղորդավար, 1987) և այլն: 2005թ. նա BBC Voices նախագծի խորհրդատուն էր, իսկ նախորդ տարի հանդիսացել է Բրիտանական գրադարանի «Evolving English: One Language, Many Voices» ցուցահանդեսի խորհրդատուն և այդ միջոցառման հետ առնչվող գրքի հեղինակը:
Ներկայում Դեյվիդ Քրիսթլը Անգլերենը որպես օտար լեզու դասավանդողների միջազգային ասոցիացիայի (IATEFL) և Լեզվի ուսուցման ասոցիացիայի (ALL) հոգաբարձուն է, Լեզվաբանների ինստիտուտի և Խմբագիրների ու սրբագրիչների կազմակերպության պատվավոր փոխնախագահը: 1995թ. Դեյվիդ Քրիսթլը մատուցած ծառայությունների համար թագուհու կողմից արժանացել է Բրիտանական Կայսրության Օրդերի: 2000թ. դարձել է Բրիտանական Ակադեմիայի անդամ:
Դեյվիդ Քրիսթլի դասախասություններին մասնակցելու դիմումների ներկայացման վերջնաժամկետն է սեպտեմբերի 20-ը: Մանրամասն տեղեկությունները Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ կամ այցելեք www.britishcouncil.am կայքը: