Հայ-ադրբեջանական հաքերային հարձակումները հանրայնացման նպատակ ունեին
«Հայ-ադրբեջանական հաքերային հարձակումները միշտ էլ կարող են շարունակվել, սակայն նման հարձակումներն ավելի շուտ հանրայնացման նպատակ են հետապնդում, և ավելի շատ ամբիցիաների, զգացմունքային պոռթկումների և պարծենկոտության կռիվներ են, քան թե լուրջ տեղեկատվական պատերազմներ, որ մեծ կամ անդառնալի հետք կարող են թողնել պատմության մեջ»: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շիրակ տեխնոլոգիաներ» (Shirak Technologies) ընկերության հիմնադիր Ավետիք Եսայանը:
«Կարծում եմ` այս հաքերային վերջին հարձակումները լուրջ նստվածքներ թողնել չեն կարող, դրանք զուտ շարունակությունն են այն իրողությունների, ինչ ապրեց յուրաքանչյուր հայ` արտահայտելով ունեցած զայրույթն իրենց մասնագիտական նեղ տեխնոլոգիական ոլորտում»,- ասաց Ա. Եսայանը:
Ըստ նրա՝ ամբողջ աշխարհում տեղի ունեցող լուրջ տեղեկատվական պատերազմները նման նպատակներ չեն հետապնդում, որ ապացուցեն մի ազգի կամ մի այլ խմբի սեփական գերազանցությունը մյուսի նկատմամբ, քանի որ դա աշխատանք է, երբեմն էլ՝ լուրջ մտավոր աշխատանք: Աշխարհին հայտնի ցանցային հարձակումները շատ հաճախ տարբեր նպատակային ելքեր են հետապնդում՝ ֆինանսական օգուտ ստանալու, գաղտնազերծման, տեղեկատվության կամ ինտելեկտուալ արժեքների գողության, ապատեղեկատվության, տնտեսական օգուտների հասնելու, մրցակիցներին վնասելու կամ նրանց առկա իմիջը նվաստացնելու, երբեմն մրցակիցներին պարապուրդի մատնելու կամ վերջիններիս ցանցերը պարալիզացնելու՝ դրանով այլ նպատակների հասնելու միտումով:
«Այս տիպի հարձակումները սովորաբար ավելի թաքնված են և տեղի են ունենում հանրության հասանելիությունից հեռու` չունենալով հասարակայնացնելու միտում: Իրական հարձակումների նպատակները շատ հստակ են՝ չարամտությունից մինչև գիտական հետազոտությունների վնասումը, խոցելիության հայտնաբերումը՝ ցանցն ավելի պաշտպանված դարձնելու նպատակով»,- ասաց նա:
Ա. Եսայանի խոսքով՝ Ադրբեջանում ցանցային կրթության առումով լուրջ զարգացում կա: Cisco Systems ընկերության ցանցային ակադեմիաները տասնապատիկ գերազանցում են դրանց հայաստանյան ներկայությանը: Ցանցային պաշտպանիչ սարքերի կիրառումն ու վաճառքի ծավալները 30 անգամ գերազանցում են մեր տեղական շուկայի մասշտաբները: Ցանցային կրթության ոլորտում կատարվող լուրջ ներդրումները և մասնագետներ պատրաստելը չափազանց կարևոր է, մինչդեռ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած մեր զարգացումները շատերին հաճախ առիթ են տալիս թերագնահատելու մեր հարևաններին և նրանց ունեցած պոտենցիալը:
Ըստ Ա. Եսայանի, սակայն, թշնամու հարձակումներին դիմագրավելու համար անհրաժեշտ է լինել իրատես և գնահատել այն, ինչ կա թշնամու մոտ իրականում:
Լուսինե Մովսիսյան