Բեղերս օլորել եմ, ընտրողներին խաբել եմ
Այսպիսով, ինչպեսև սպասվում էր, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից: Այդ մասին Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իհարկե, հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ոչ այնքան կայուն բնավորությունը, դեռևս վաղ է դա արձանագրել՝ որպես կատարված փաստ, քանի որ նրա դիմումն ուժի մեջ կհամարվի, եթե 15 օր հետո նա վերահաստատի այն:
Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ-որ բան որոշելու, ապա փոշմանելու հարուստ փորձ ունի, ուստի բացառված չէ, որ սա ընդամենը իր համեստագույն անձի վրա ուշադրություն հրավիրելու նույնքան համեստ փորձ է: Բայց ավելի հետաքրքիր է, թե ինչպես է ներկայացվում ու հիմնավորվում Ր. Հովհանիսյանի հրաժարումը: Նա, բնականաբար, երեկ չի ներկայացել Ազգային ժողով և իր արարքը, ինչպես միշտ` մեկնաբանել են նրա կուսակիցները:
Նրանք էլ ասում են, որ Րաֆֆին հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ նաև նախագահական ընտրություններին հնարավոր մասնակցությամբ պայմանավորված: Այսինքն` էլի պատճառներ են եղել, որոնց մասին Հայաստանի «ամենաժողովրդավարական», «ամենահանրային» կուսակցության առաջնորդը, բնականաբար, հարկ չի համարում «հաշվետու» լինել, ինչը պահանջում էր նախընտրական շրջանում իշխանություններին ուղղված իր, իբրև թե, քննադատական ելույթներում: «Ժառանգություն» կուսակցությունն ընդամենը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն, կուսակցության վարչությունն ի գիտություն է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի զեկուցումը:
Դրա մասին էլ հանրությունը կտեղեկացվի առանձին:
Ր. Հովհաննիսյանը, փաստորեն, խաբել է ընտրողներին, բոլոր նրանց, ովքեր մայիսի 6-ի ընտրություններում քվեարկել են իր գլխավորած ցուցակի համար: Քանի որ ընտրողները նրան ձայն են տվել ոչ թե նրա համար, որպեսզի այդ ձայների արդյունքում ստացված մանդատը դառնա Րաֆֆի Հովհաննիսյանի ազգակենտրոն մտորումների առարկա, ու հետո էլ նա դրանից հրաժարվելով՝ հերթական շոուն սարքի:
Ընտրողները նրան ձայն էին տվել կոնկրետ լիազորություններ պատվիրակելով և կոնկրետ գործողություններ ակնկալելով: Իսկ եթե Ր. Հովհաննիսյանը հրաժարվում է մանդատից, ապա տեսականորեն դրա հետ կարող է անել ամեն ինչ` վաճառել, փոխանակել, նվիրել, և այլն:
Մյուս կողմից, հետաքրքիր է` եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվելու էր մանդատից, ապա ինչո՞ւ դա չարեց մայիսի 7-ին, երբ ակնհայտ էր, որ իր գլխավորած ցուցակին, ինչպես և՝ ընտրություններին մասնակից մյուս ուժերին իշխանությունն ընդամենը «անցկացրեց» խորհրդարան:
Նրա քայլը կլիներ քաղաքական, եթե ընտրությունների հաջորդ օրը, լղոզված հայտարարությունների փոխարեն, շատ կոնկրետ գնահատական տար փողով և ընտրակեղծիքներով անցկացված ընտրություններին և հրաժարվեր իշխանության նետած մանդատներից: Եթե չի արել և այդպես վարվում է այսօր, նշանակում է՝ մանդատը ու դրանից հրաժարումը նրան պետք էր առաջիկա նախագահական ընտրություններից առաջ իշխանության հետ առևտրի մեջ մտնելու համար: Հատկապես, երբ իշխանություններն ԱԺ ընտրությունների հենց հաջորդ օրվանից ՀՀ նախագահի «թեկնածուներ» են փնտրում, ովքեր պարզապես կմասնակցեն ընտրություններին:
Առիթ ունեցել ենք նշելու, որ եթե որևէ թեկնածուի` հաղթելու հնարավորությունները ակնհայտորեն զրոյական են, ապա նրա մասնակցությունն ընտրություններին նշանակում է՝ հետընտրական շրջանում իշխանության մեջ մասնաբաժին ստանալու հնարավորություն: Իսկ, որ Ր. Հովհաննիսյանի շանսերը, լավագույն դեպքում, 5 տոկոս են, կարծում ենք՝ չի կասկածում նույնիսկ ինքը: Հիշեցնենք, որ 2007թ. Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԺ պատգամավորի ընտրություններում մեծամասնական ընտրակարգով Թալինում առաջադրել էր իր թեկնածությունը և ստացել էր ընդամենը 1200 ձայն` քվեների 3 տոկոսը:
Ի դեպ, շատ հետաքրքիր է, որ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելով՝ Ր. Հովհաննիսյանը «հարևանցիորեն» իշխանական պատգամավորների թիվն ավելացնում է ևս մեկով, քանի որ նրա փոխարեն, ինչպես արդեն հասցրել են հայտարարել «Ժառանգության» անդամները, պատգամավոր է դառնալու Թևան Պողոսյանը, ով ինքն էլ չէր թաքցնում նախագահական նստավայրի հետ ունեցած իր կապերի մասին: Խնդիրն, իհարկե, այն չէ, որ Ր. Հովհաննիսյանը կոշտ ընդդիմադիր է, և իշխանությունը սարսափում է նրանից: Ամենևին` ոչ: Եվ երբեք այդպիսին չի եղել: Պարզապես Ր. Հովհաննիսյանը տարվա մեծ մասը եթերային է, ինչպես սարերի քամին, որը ֆիզիկապես քվեարկելու հնարավորություն չունի: Իսկ Թ. Պողոսյանը գոնե ֆիզիկապես ներկա կլինի խորհրդարանում և կդառնա իշխանության «պահեստային ձայնը»: