Դալլաքյանը նեղացած է
«Այստեղ կան բազմաթիվ լրագրողներ, որոնց իմ սենյակում ես մատուցել եմ խորհրդատվություն: Նյութը գրել-տվել եմ ձեռքները: Չնայած այդ լրագրողներից որեւէ մեկը, այսպես կոչված, ընտրություններից հետո ինձ չի զանգահարել՝ հետաքրքրվելու, թե ես ինչպես եմ և այլն և այլն: Սա արդեն մարդկային խնդիր է, եւ ես չեմ ցանկանա այդ մարդկային խնդիրներին անդրադառնալ»,- ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի դժգոհություն ներկայացրեց՝ ավելացնելով, որ «ես բոլոր մարդկանց, ովքեր իմ մասին տարբեր լուրեր, տարբեր կեղծիքներ են հրապարակել, բոլորին ներում եմ և հիմա պատրաստ եմ համագործակցել անգամ այն մարդկանց հետ, որոնք ինձ անձնական վիրավորանքներ են հասցրել: Ես հանդուրժող եմ այն մարդկանց նկատմամբ, որոնք իմ մասին բացի ճշմարտությունից ամեն ինչ գրել են: Նրանց էլ ներում եմ, որովետև Աստված ասել է՝ կներեք»:
Լրագրողները հակաճառեցին, ասելով, որ զանգել են պարոն Դալլաքյանին, բայց վերջինս կամ չի պատասխանել կամ անհասանելի է եղել: Պարոն Դալլաքյանը նաև նշեց, որ նորանկախ Հայաստանում 1990-ից մինչև հիմա չի եղել որևէ պատգամավոր, որը հեղինակեր 83 օրենքների.
«Ինտերնետում թող անգրագետները նայեն: Ես քննադատել եմ երկրորդ նախագահին, նրա օրոք ընդունվել է իմ հեղինակած 50 օրենք, ես քննադատել եմ հանրապետության երրորդ նախագահին, նրա օրոք ընդունվել է իմ հեղինակած 14 օրենք: Ես քննադատել եմ հանրապետության առաջին նախագահին, նրա օրոք ընդունվել է 12 օրենք: Այսինքն՝ քննադատել և համագործակցել, դրանք միանգամայն տեղավորվում է ԱԺ-ի պատգամավորի գործառույթների մեջ»:
Հարցին՝ հիմա ո՞ւմ եք ուզում քննադատեք՝ նա պատասխանեց. «Ես հիմա ներկայացնելու եմ հանրապետության նախագահին, և եթե քննարկումների ընթացքում լինեն որոշ հարցեր, որոնց վերաբերյալ նախագահը հարմար կգտնի, որ ներկայացվի նախագահի տեսակետները, ես կներկայացնեմ նախագահի տեսակետները»: