
«Որևէ երկրի նախագահ չի կարող ներում շնորհել մեկ այլ երկրի դատավճռով»

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հերերնի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնված ՌամիլՍաֆարովի դեպքին:
ԱՄՆ դեսպանը վերահաստատաել է, որ ԱՄՆ-ն պարզաբանումներ է պահանջել Բաքվից և Բուդապեշտից, և որ երկխոսությունը ընթացքի մեջ է:
Aravot.am-ի փոխանցմամբ` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ ասել է, թե Սաֆարովին Ալիևը ոչ թե ներել է, այլ արդարացվել ու հերոսացվել է: «Ցավում եմ, որ աշխարհում կա մի ազգ, որի ներկայացուցիչը կարող է հերոսացվել միայն նրա համար, որ կացնահարում է: Որևէ երկրի նախագահ չի կարող ներում շնորհել մեկ այլ երկրի դատավճռով»,- ասել է Ա. Հովսեփյանը:
Ա. Հովսեփյանը հղում է արել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 521 հոդվածին, համաձայն որի՝ տվյալ երկրի դատապարտվածը իրենց երկրում կարող է պատիժը կրել միայն տվյալ երկրի դատարանի կողմից դատական ակտ կայացնելուց հետո, մինչդեռ Ալիևը ներում է շնորհել, դրանով իսկ Ադրբեջանի նախագահը խախտել է սեփական օրենսդրությունը:
Գլխավոր դատախազը տեղեկացրել է նաև, որ Հունգարիայի նախկին գլխավոր դատախազը, որը թոշակառու է, հայ համայնքից ներողություն է հայցել:
Ըստ գլխավոր դատախազի, կատարվածը ոտնահարել է համազգային արդարադատությունը: