«Դա առևտրական գործարք էր, որն ինձ հնարավորություն պիտի տար նոր եկամուտ ունենալու»

«Նուվել դ’Արմենի» ամսագրին տված հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանն անդրադաձել է նաև «Բժնիի» գործարքին: Հարցազրույցի այդ հատվածը ներկայացնում ենք ստորև.

Եկեք խոսենք ձեր անվան շուրջ բարձրացած աղմուկների մասին՝ «Բջնիի» պատմությունից սկսած: Ձեզ շատ մեղադրեցին նրա համար, որ գնել էիք 2008-2009թթ. աճուրդի հանված այդ ձեռնարկությունը, որը խլել էին Սուքիասյաններից: Ձեզ վրա ճնշում գործադրե±լ են, որպեսզի դուք մասնակցեիք աճուրդին:

– Ծիծաղելի է ասել, թե իբր ճնշում է եղել: Ինչպե՞ս կարող եք ճնշման մասին խոսել, երբ ես շատ բարձր գնով եմ գնել այդ ձեռնարկությունը: Դա առևտրական գործարք էր, որն ինձ հնարավորություն պիտի տար նոր եկամուտ ունենալու:

Չնեղվեցի՞ք այդ պայմաններում ձեռնարկություն գնելուց:

Կարդացեք նաև

– Ի՞նչ պայմաններում:

Դուք շատ լավ գիտեք, թե ինչ պայմաններում:

– Ոչ, անկեղծ ասած, չգիտեմ: Ի՞նչ պայմանների մասին եք խոսում:

Այդ ձեռնարկությունը խլել էին Սուքիասյաններից:

– Ինչպե՞ս թե: Նման բան չի եղել:

Ուզում եք ասել, որ ԼՏՊի օրոք մարդկանց ունեզրկում էին, հետապնդում, հալածում, բայց Քոչարյանից ի վեր բոլորը սո՞ւրբ են:

– Խաչատուր Սուքիասյանի հանդեպ հարկային տույժ էր կիրառվել:

Մենք բոլորս գիտենք, թե ինչպես է մարդու նկատմամբ հարկային տույժ կիրառվում:

– Եվ ինչպե՞ս:

Կարծում եք, այդ հարկային տույժը հիմնավորվա՞ծ էր:

– Քանի որ այդ ընկերությունն ինձ բաժին հասավ, ես ուսումնասիրեցի այդ հարցը և կարող եմ ձեզ ասել, որ ընկերությունը երբեք օրենքին համապատասխան չէր գործել: Եթե համեմատեք Սուքիասյանի և իմ օրոք վճարված հարկերի ծավալը, ինքներդ կհամոզվեք դրանում, այնինչ, ես առայժմ հասել եմ Սուքիասյանի օրոք գոյություն ունեցած վաճառքի ծավալի ընդամենը 60%-ին: Ես ձեզ նույնիսկ հրավիրում եմ «Բջնի» գործարան տեսանյութ դիտելու, որում երևում է, թե գործարանն ինչ վիճակում էր Սուքիասյանի օրոք, թե այսօր ինչ վիճակում է, և համեմատել: Կարող եք նաև աշխատողների հետ զրուցել:

Դուք պահե՞լ եք նախկին աշխատողներին:

– Բոլորին: Ծայրից ծայր: Եվ արդիականացրել եմ գործարանը՝ եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

Արդիականացման հետևանքով անձնակազմի կրճատում չի՞ եղել:

– Ոչ: Չնայած արտադրական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ եմ ներդրել «Բջնին» օրինակելի գործարան դարձնելու համար, այնուամենայնիվ, ոչ միայն չեմ կրճատել աշխատողների քանակը, այլև ավելացրել եմ՝ հասցնելով 380-ի՝ 100.000 դրամ (200 եվրո) միջին աշխատավարձով : Իսկ Աշխատողների 99%-ը տեղացիներ են, այսինքն՝ չարենցավանցիներ:

Տեսանյութեր

Լրահոս