
«Գագիկ Ծառուկյանն ունի մեկ կարևոր հատկանիշ՝ փողը»

Եթե գործչի վարկանիշը հաշվարկվում է փողով, չեմ բացառում, որ Գագիկ Ծառուկյանն ամենավարկանշային քաղաքական գործիչն է:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք ինքը համամի՞տ է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այն հայտարարության հետ, թե Գագիկ Ծառուկյանն այս պահին երկրի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է և արդյո՞ք Գագիկ Ծառուկյանն է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի նշած ընդդիմության ուժեղ թեկնածուն:
«Ուրիխանյանը նկատի ունի Սերժ Սագսյանի վարկանիշի՞ց էլ բարձր, չգիտեմ: Սեպտեմբերի 6-ի ընտրությունները ցույց տվեցին, որ վարկանիշը չափվում է ֆինանսկան առավելությամբ. որքան շատ գումար, այդքան շատ վարկանիշ: Գագիկ Ծառուկյանն էլ ի՞նչ առավել հատկանիշ ունի, միայն փողի առկայությունն է, էլի: Մեր խնդիրն ինչո՞ւմն է, որ հասարակությանը հասցել են մի մակարդակի, որ չափման միավորները գալիս են ֆինանսից: Գ. Ծառուկյանն ունի մեկ կարևոր հատկանիշ՝ փողը, որի գործոնի վրա իշխանությունների թույլտվությամբ ինքը խաղում է: Իսկ ընդդիմության միասնական թեկնածուն պետք է կարողանա հասարակությանը մեսիջ տալ, որ փողի գործոնը առաջնային դերակատարում չունենա, որը պետք է և արվեր խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բայց չարվեց, ոչ միայն մեր կուսակցության, այլև Կոնգրեսի կողմից»: