Սաֆարովի արտահանձնումը սպասելի երևույթ էր. փորձագետ
Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու հերոսացումը իր տեսակի մեջ աննախադեպ, բայց սպասելի երևույթ էր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Ըստ նրա՝ կատարվածը Ադրբեջանում վարվող հայատյացության քաղաքականության արդյունքն է: «Երբեևէ ադրբեջանցի թուրքերը հային սպանելը հանցագործություն չեն համարել: Սրանով լեգիտիմ տեսք է տրվում հայ սպանելու, անպատիժ մնալու, մի բան էլ հերոսանալու չգրված օրենքին»,- ասաց Դ. Ջամալյանը: Ըստ ռազմական փորձագետի՝ կատարված իրադարձությունները ցուց են տալիս, որ Ադրբեջանից Հայաստանին մշտական վտանգ է սպառնում: Այդ վտանգը չեզոքացնելու համար հայոց բանակը պետք է ուժեղ լինի:
Դավիթ Ջամալյանը չբացառեց, որ Ադրբեջանը կարող է Սաֆարովին վերացնել իր ձեռքով ու դա բարդել Հայաստանի վրա: Ըստ նրա՝ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որ Ադրբեջան-Հայաստան խնդիրը սկսի ընկալվել ոչ թե որպես Խորհրդային Միությունից եկած տարածքային խնդիր, այլ բարբարոս-քաղաքակիրթ ժողովուրդների հակամարտություն. «Սահմանից այն կողմ լրիվ ուրիշ ժողովուրդ է ապրում»:
Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ կանխել Սաֆարովի արտահանձնումը հնարավոր չէր. «Մի կողմից կա երեք միլիարդ, որը պատրաստ է վճարել Ադրբեջանը, ճգնաժամի մեջ գտնվող Հունգարիա, մյուս կողմից կան տրամաբանական փաստարկներ Հայաստանի կողմից, բայց չկա գումար: Եթե կա գնորդ և երկիր, որը կարող է վաճառել իր երկրի արդարադատության վճիռը, ապա ուրիշ բան անել հնարավոր չէ», եզրակացրեց Ջամալյանը: