Սրտաբանությունը ՀՀ առողջապահության ամենազարգացած ճյուղն է
Սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապողների թիվը Հայաստանում աճում է: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2006-ի տարեվերջին դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը 26530 է եղել, իսկ արդեն 2011-ին նրանց թիվը կազմել է 44087:
Տարեվերջին դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների քանակը
Սրտաբան Միքայել Ադամյանը նշում է, որ սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապող հիվանդների թվի աճը պայմանավորված է Հայաստանում վերջին շրջանում ախտորոշման մակարդակի բարձրացմամբ: «Այս հիվանդությունը միշտ էլ եղել է, ամբողջ աշխարհում այն համար մեկն է: Ուղղակի ժամանակակից դիագնոստիկան թույլ է տալիս ավելի հեշտ ախտորոշել, դրա համար էլ հիվանդների քանակը շատացել է»,- ասում է սրտաբանը:
Միքայել Ադամյանի փոխանցմամբ՝ սրտի իշեմիկ հիվանդությամբ առավել հաճախ հիվանդանում են 40 տարեկանից բարձր տղամարդիկ, ինչպես նաև՝ 50 տարեկանից բարձր կանայք: Ըստ սրտաբանի`հիվանդության զարգացմանը նպաստում են ծխախոտը, ճարպակալումը, ֆիզիկական պասիվությունը. «Մեծ է նաև ժառանգականության դերը: Նույնիսկ դեպքեր ունենք, երբ հոր ու տղայի մոտ հիվանդությունը նույն տարիքում ու նույն ձևով է զարգանում»:
Սրտի իշեմիկ հիվանդությամբ է տառապում 60-ամյա Արսենը: Նա պատմում է, որ ամբողջ կյանքում չի ծխել ու ֆիզիկապես շատ ակտիվ է եղել. «Սրտի իշեմիկ հիվանդությունն ինձ փոխանցվել է ժառանգականորեն, մայրս ու հայրս ունեցել են այս հիվանդությունը»: Արսենը 5 տարի առաջ վիրահատության է ենթարկվել: Սրտի իշեմիկ հիվանդության վիրահատական բուժումը կոչվում է աորտո-կորոնար շունտավորում:
Միքայել Ադամյանի գնահատմամբ`սրտաբանությունը Հայաստանում առողջապահության ամենազարգացած ճյուղն է. «Ե՛վ սարքավորումային, և՛ մասնագիտական բազան շատ հզոր է զարգացած մեր երկրում»: Ըստ նրա՝ առողջապահական ապահովագրությունն այս առումով կարևոր նշանակություն ունի, քանի որ այդկերպ բժշկական ծառայությունները շատերի համար են մատչելի դառնում:
«Սրտի իշեմիկ հիվանդությունից խուսափել մարդիկ դժվար թե կարողանան, բայց որպեսի գոնե մի քիչ ուշ տարիքում հիվանդանան, ու ավելի թեթև անցնի այդ հիվանդությունը, մարդիկ պետք է շատ շարժվեն, հետևեն ճիշտ սննդակարգին ու գոնե տարեկան երկու անգամ հետազոտություն անցնեն, գոնե այն մարդիկ, ովքեր ռիսկային խմբում են»,- խորհուրդ է տալիս սրտաբանը: