Միջազգային համագործակցություն
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի միջև 2007թ. դեկտեմբերի 12-ին ստորագրված Արփա-Սևան թունելի վերականգնման նախագծի ֆինանսավորման վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու համաձայնագիրն ստորագրելու առաջարկությանը։ Փոփոխությունը թելադրված է «Արփա-Սևան թունելի հիմնանորոգում» ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ավստրալիական Միության կառավարությունների միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության, Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև մշակույթի բնագավառում համագործակցության, Հայաստանի Հանրապետության և Ֆիլիպինների Հանրապետության կառավարությունների միջև մշակույթի, կրթության և գիտության, սպորտի բնագավառներում համագործակցության համաձայնագրերի կնքման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ ավելի վաղ ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրությունը կնքելու առաջարկություններին։
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև կնքված թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրում 14-րդ փոփոխությունը կատարելու արձանագրությունը ստորագրելու առաջարկությանը։