ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ևս դատապարտել է Ադրբեջանի հանցավոր քայլերը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրին դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը:
«Ես ցնցված եմ, որ Ադրբեջանը ոչ միայն ընդունեց Սաֆարովին, այլ նաև ներում շնորհեց, աջակցեց և հերոսացրեց: Այս սադրիչ գործողությունները վտանգում են այս պետությունների միջև գոյություն ունեցող փխրուն խաղաղությունը»,-նշել է Քերրին:
haynews.am-ի փոխանցմամբ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման հետ կապված իրենց խորին մտահոգությունն են հայտնել նաև մի շարք կոնգրեսականներ և Ներկայացուցիչների պալատի անդամներ:
Ներկայացուցիչների արտաքին հարաբերությունների կոմիտեի բարձրաստիճան անդամ Հովարդ Բերմանը Սաֆարովի ազատ արձակումը անվանել է «արհամարհելի»` նշելով, որ Սաֆարովը կանխամտածված կերպով է սպանել Մարգարյանին: «Ադրբեջանի կառավարության որոշումը` ազատ արձակել Սաֆարովին, արհամարհելի քայլ էր և լուրջ հարված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար»,-նշել է Բերմանը:
Կենտրոնական Կալիֆորնիայի կոնգրեսական Ջիմ Կոստան նշել է. «Մենք Միացյալ Նահանգներում այս փորձության ընթացքում կանգնած ենք մեր հայ ընկերների կողքին»:
Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշոուն ընդգծել է, որ «Սաֆարովի ազատ արձակումը օրենքի գերակայության վտանգավոր նսեմացում է»:
Ադրբեջանի նախագահի գործողությունները դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև կոնգրեսական Ադամ Շիֆը, Ֆրանկ Փալլոնը: