Պարզվում է` պետությունն արդեն սեփականություն ունի

Այս ամսվա ընթացքում Մարալիկում կառուցված սոցիալական տանը բնակարաններ կստանան 59 ընտանիքներ կամ 103 անձինք: Բանն այն է, որ այսուհետ ՀՀ սոցիալական քաղաքականության մեջ մեծ տեղ է հատկացվելու սոցիալական բնակարանների կառուցման և դրանք շահագործման հանձնելու ծրագրին:

Հիշեցնենք, որ անօթևան տարեցների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով ՀՀ կառավարությունն իր 2010թ. հուլիսի 1-ի թիվ 25 արձանագրային որոշմամբ` հավանություն է տվել  «ՀՀ անօթևան միայնակ տարեցների և բնակարանի կարիք ունեցող սոցիալական այլ խմբերին պատկանող անձանց համար սոցիալական բնակարանների համալիրի ստեղծման հայեցակարգին»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը 168.am-ին փոխանցեց, որ շուտով Մարալիկում շահագործման կհանձնվի սոցիալական բնակարաններով նորակառույց երեք շենք: Կառավարությունն արդեն հաստատել է 103 անձից բաղկացած շահառուների այն ցանկը, համաձայն որի` 59 ընտանիքներ բնակարան կստանան Մարալիկում: Նշենք, որ շահառուներից 27 ընտանիքներում, որտեղ ընդգրկված են 44 անձինք, մանկատան շրջանավարտներ են, իսկ մյուս 32 ընտանիքները սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված՝  բնակարանի խիստ կարիք ունեցողներ` միայնակ տարեցներ և այլ կարգավիճակի մարդիկ:

Հարկ է նշել, որ սոցիալական տան մոդելն աշխարհում գործող ամենաարդյունավետ մեխանիզմն է` պետության ուսերից անօթևանների բեռը թոթափելու համար: Նշենք նաև, որ սոցիալական տները շահառուներին հատկացվելու են ոչ թե սեփականության իրավունքի վկայականով, այլ անհատույց կամ ժամանակավոր օգտագործման իրավունքով (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը ներկայումս մշակում է չափորոշիչներն ու պայմանագրի ձևը):

Կարդացեք նաև

Այլ կերպ ասած` շահագործման հանձնվող, բնակեցվող սոցիալական բնակարանները պետության սեփականությունն են: Ինչևէ, շուտով Մարալիկում շահագործման կհանձնվեն երեք նորակառույց շենքեր, իսկ հետագայում նախատեսվում է ևս չորսը հանձնել Սոցապ նախարարությանը` սոցիալական տան համալիր կառուցելու նպատակով: Նաև հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին տեղի ունեցած Կառավարության նիստում քննարկվել և որոշում է կայացվել ստեղծել «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Սոցապ նախարարության ենթակայությամբ գործող նորաստեղծ կազմակերպությունը կիրականացնի նախարարությանը հանձնված սոցիալական բնակարանների պահպանման, շահագործման, սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձանց` սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բուժօգնության, իրավունքների և շահերի պաշտպանության ծառայությունների մատուցումը:

Այսինքն` այս ՊՈԱԿ-ը լինելու է սոցիալական տան համալիրի աշխատանքները կոորդինացնող, բնակֆոնդի հետ կապված խնդիրներով զբաղվող կառույցը: «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում սոցիալական տան կազմակերպական և ծառայությունների մատուցման ծախսերի համար հատկացվել է 11.388.4 հազար դրամ:

Այս ծրագրի վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի հետ հարցազրույցը կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր տարբերակում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս