Քաղաքապետը հանձնարարել է բարեկարգել մետրոպոլիտենի կայարանները (լուսանկարներ)
Երևանի մետրոպոլիտենի տեխնիկական վիճակին, ընթացող աշխատանքներին և զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում:
Շրջայցի շրջանակում ծանոթանալով մետրոյի կայարանների ստորգետնյա անցման և հարակից տարածքների պայմաններին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կայարաններում ավելացնել նստարանների քանակն ու բարեկարգել կայարանների մուտքերի աստիճանավանդակները:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մետրոպոլիտենի աշխատակազմի հետ: Շնորհակալություն հայտնելով սրտացավ ու նվիրված աշխատանքի համար` քաղաքապետը վստահեցրել է, որ մետրոպոլիտենը` իր ռազմավարական նշանակությամբ, մշտապես լինելու է թե հանրապետության ղեկավարության և թե քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում: Խոսելով մետրոպոլիտենի առաջիկա անելիքների և զարգացման ծրագրերի մասին` Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ մետրոպոլիտենի ընդլայնման նպատակը մշտապես լինելու է օրակարգում, և առաջին իսկ հնարավորության դեպքում կյանքի կկոչվեն բոլոր այն զարգացման հեռանկարները, որոնք մետրոպոլիտենի աշխատանքը կդարձնեն առավել արդյունավետ:
Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև <<Էլեկտրատրանսպորտ>> ընկերություն: Քաղաքապետին զեկուցվել է, որ տրոլեյբուսային պարկում առկա 79 շարժակազմերից այսօր շահագործվում է 60-ը: Քաղաքապետն ընդգծել է, որ առաջիկայում քայլեր կձեռնարկվեն մայրաքաղաքում էլեկտրատրանսպորտի վիճակը բարելավելու և հավաքակայանը արդիականացնելու ուղղությամբ.
<<Էկոլոգիապես մաքուր այս փոխադրամիջոցն անհրաժեշտ է Երևանին: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի մեր հետագա ծրագրերով ապահովենք էլեկտրատրանսպորտի զարգացումը, մասնավորապես շարժակազմերի արդիականացման, ցանցի ընդլայնման և մալուխային ցանցերի թարմացման մասով>>,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հանձնարարել է նաև հստակ և որոշակի քայլեր ձեռնարկել առկա շարժակազմերի պահպանման և արտաքին տեսքի բարելավման ուղղությամբ: