ՀՀ բանկերի արտաքին պարտքն աճել է շուրջ 20%-ով
Արտաքին աշխարհի նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները 2012 թվականի երկրորդ եռամսյակի վերջին կազմել են 1041.6 մլն դոլար` նախորդ եռամսյակի վերջի 871.0 մլն դոլարի փոխարեն աճելով 19,5%-ով:
Ինչպես նշված է ՀՀ Կենտրոնական բանկի երկրորդ եռամսյակի բանբերում, երկրորդ եռամսյակի ընթացքում առևտրային բանկերն ու վարկային կազմակերպություններն արտաքին աշխարհից ներգրավել են 713.6 մլն դոլար վարկային միջոցներ, նախկինում ձեռք բերված վարկերի դիմաց կատարել են 531.6 մլն դոլար հիմնական գումարի մարումներ: Եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 29.9 %-ը երկարաժամկետ վարկերի գծով է, ընդ որում, վարկային մուտքերի 56.9 %-ը ստացվել է Ռուսաստանից, 13.1 %-ը` Գերմանիայից, 11.8 %-ը` Լատվիայից, 9.1%-ը` այլ երկրներից, 9.1%-ը` միջազգային կազմակերպություններից:
2012 թվականի երկրորդ եռամսյակի վերջին առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել` Ռուսաստանը, որի տեսակարար կշիռն ամբողջի մեջ կազմել է 21.9 % (նախորդ եռամսյակում` 12.2 %), Լյուքսեմբուրգը` 9.1 % (նախորդ եռամսյակում` 11.3%), Գերմանիան` 6.3 % (նախորդ եռամսյակում` 7.0 %): Վարկերի մոտ 31.8%-ը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:
2012 թվականի երկրորդ եռամսյակի վերջին ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նախորդ եռամսյակի վերջի համեմատ աճել է և կազմել 6.1%: Վարկերի միջին ժամկետայնությունը 4.7 տարի է: