
Պետրոս Մակեյանի կանխատեսումներն իրականանում են

«ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության քաղաքական մոտիվացիային մենք չենք հավատում ու չենք հավատացել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով երեկ Շիրակի մարզում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ Գյումրիում առաջադրված ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանին հենց ինքն է առաջարկել առաջադրվել քաղաքապետի ընտրություններում, և, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀԿ-ին թշնամի, հակառակորդ կուսակցություն չէ:
«Մեր դիրքորոշումը չի փոխվել: Ամիսներ շարունակ մենք հայտարարել ենք, որ ԲՀԿ-ի հետ փոխհամագործակցությունն արդյունք չի տա ֆրակցիային: Ցավոք, մեր կանխատեսումները արդարանում են»,- նշեց Պ. Մակեյանը:
Հարցին, թե ո՞րը պետք է լինի ՀԱԿ-ի հետագա քայլը, Մակեյանը պատասխանեց, որ հարցը պետք չէ ուղղել իրեն. «Ես կուսակցության մաս կազմող ղեկավար եմ, բայց ոչ առաջնորդ եմ, ոչ էլ համակարգող, ոչ՝ մամուլի խոսնակ: Հարցը հասցեատիրոջն ուղղեք: Մեր անունից ասեմ, որ մենք չենք փոխի մեր դիրքորոշումը»:
Պ. Մակեյանը նաև տեղեկացրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունից հետո ՀԱԿ-ում այդ թեմայի շուրջ քննարկումներ տեղի չեն ունեցել: Վաղը կայանալիք ՀԱԿ հերթական նիստի ընթացքում, Պետրոս Մակեյանի փոխանցմամբ, ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համագործակցության շարունակության հարցը կարող է քննարկվել, եթե, իհարկե, այն ընդգրկվի օրակարգ: