«Եթե ՀՀԿ-ի համար կարևոր չլիներ այդ մանդատը, կուսակցությունը կհարգեր Հայրապետյանի կամքը»

«Վերջնական որոշում չունեմ` կդնե՞մ իմ թեկնածությունը թիվ 1 ընտրատարածքում, թե՞ ոչ: Դեռ մտածում եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Գայանե Առուստամյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում  ՀԱԿ ներկայացուցիչ Գայանե Առուստամյանը ստացել էր 5206 քվե, «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը` 9328, իսկ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը՝ 19.442 ձայն:

Անդրադառնալով այսօր ԱԺ-ում ներկայացված ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատից հրաժարվելու մասին դիմումին, Առուստամյանն ասաց, թե ինքը չի կարծում, որ Ռ. Հայրապետյանը նման հարցերում ինքնուրույն որոշում է կայացնում:

«Խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուբեն Հայրապետյանը հրապարակավ հայտարարում էր, որ իր թեկնածությունը դնելու ցանկություն չունի: Բայց արդյունքում դրեց: Սա նշանակում է, որ Հայրապետյանի կուսակցությունը ներկայացնող առաջնորդն է որոշում՝ դնե՞լ նրա թեկնածությունը, թե՞ ոչ: Եթե բարձր ատյանից լինի որոշում, որ չպիտի վայր դնի իր մանդատն ու շարունակի իր աշխատանքը, դժվար թե նա կամք դրսևորի ու մանդատը վայր դնի, քանի որ, ի վերջո, մանդատը նրա բիզնեսի երաշխիքն է»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով` միայն ժողովուրդը կարող է ստիպել, որպեսզի Ռուբեն Հայրապետյանն ու մյուս օլիգարխները չլինեն գործադիր մարմնում և վայր դնեն պատգամավորի իրենց մանդատները: «Պետք է ժողովուրդը ոտքի կանգնի ու պահանջի իշխանության հրաժարականը, որ Ռուբեն Հայրապետյանն ու նրա կարգի օլիգարխները զբաղվեն բիզնեսով ու հեռանան իշխանությունից»,- ընդգծեց նա:

Հարցին, թե՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն թիվ 1 ընտրատարածքում առաջադրի մեկ այլ թեկնածուի, Գայանե Առուստամյանը պատասխանեց. «Հանրապետականը երբեք բաց չի թողնի իշխանության որևէ օղակ գրավելու շանսը: Եթե ՀՀԿ-ի համար կարևոր չլիներ այդ մանդատը, կուսակցությունը կհարգեր Ռուբեն Հայրապետյանի կամքն ու չէր առաջադրի նրա թեկնածությունը: ՀՀԿ-ն պետք է գրավի բոլոր հնարավոր օղակները, որ ունենա կատարյալ իշխանություն»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմումն ԱԺ է ներկայացրել է հուլիսի 4-ին՝ իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի արդյունքում իր թիկնապահների կողմից հունիսի 17-ին ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան դեպքից ու հասարակական մեծ արձագանքից հետո:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս