Բաժիններ՝

Իրանը ջանում է վերադարձնել ԱՄՆ-ում գտնվող իր սառեցված ակտիվները

Իրանի խորհրդարանի icana.ir կայքի փոխանցմամբ՝ իրանա-ամերիկյան արբիտրաժային դատարանի որոշման համաձայն՝ ԱՄՆ-ում սառեցված իրանական ակտիվների մի մասն արդեն իսկ վերադարձվել է Իրանին: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային պահանջների կոմիտեի նախագահ Մեհդի Դավաթգարին:

Վերջինիս խոսքերով՝ թեև վերադարձված ակտիվների գումարը մեծ չէ, սակայն իրենք շարունակելու են այդ ուղղությամբ աշխատանքները: Նա հավելել է, որ իրենց կոմիտեն միջազգային դատարաններ ներկայացնելու համար հավաքել է իրանական ակտիվները վերադարձնելու գործում անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Նշվում է, որ ակտիվների վերադարձման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որն այդ պլանում օգտվելու է իրավական միջոցներից: Իրանական ակտիվների վերադարձման համար իրանական կողմն օգտվում է նաև միջազգային մակարդակի իրավաբանների ծառայություններից:

Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները խզվել են 1979 թվականին, երբ Իսլամական հեղափոխությունից հետո գրավվեց Թեհրանում գտնվող ԱՄՆ դեսպանատունը: Դրանից հետո ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերը պատժամիջոցներ սահմանեց Իրանի հանդեպ, որոնց հետևանքով սառեցվեցին ԱՄՆ-ում Իրանի բոլոր ակտիվները:

ԱՄՆ-ը յուրաքանչյուր տարի երկարաձգում է դա: Իրանա-ամերիկյան արբիտրաժային դատարանն էլ ստեղծվել է 1981 թվականին՝ երկու երկրների միջև առկա խնդիրների լուծման նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս