«Բուդապեշտ թայմսը» վերլուծում է հունգարական խմորումները՝ Սաֆարովի արտահանձնման շուրջ
Budapest Times-ը անդրադարձել է Սաֆարովի արտահանձման և Հունգարիայում այդ փաստի առթիվ արձագանքներին:
Անցած ուրբաթ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջանին արտահանձնելուց հետո Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: 2004 թվականին Բուդապեշտում անցկացվող ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Սաֆարովը կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Հունգարիայի դատարանը դատապարտել էր Սաֆարովին ցմահ ազատազրկման: Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահը ներում շնորհեց Սաֆարովին: Ըստ Հունգարիայի Արտաքին Գործերի նախարարության` արտահանձնումը համապատասխանում էր Ստրասբուրգում ստորագրված` դատապարտված մարդկանց տեղափոխման վերաբերյալ եվրոպական կոնվենցիային: Արտաքին գործերի և առևտրի քարտուղար Պիտեր Սիյարտոն ասել է, որ կիրակի օրը Արտաքին Գործերի նախարարությունը Բուդապեշտում Ադրբեջանի դեսպանին դիվանագիտական նամակ է հանձնել, որտեղ մարդասպանի արտահանձմանը հաջորդող իրադարձությունները նկարագրվում են որպես «անընդունելի» և «դատապարտվում են»: «Հունգարիայի կառավարությունը ապշած էր, երբ լսեց, որ Սաֆարովին ներում են շնորհել», – ասել է Սիյարտոն:
Քարտուղարը արտահանձման նախորդող իրադարձությունները: «Սաֆարովի իրավական ներկայացուցիչը դիմել է Հունգարիայի Արդարադատության նախարարին, որպեսզի թույլ տան Սաֆարովին ազատազրկումն անցկացնել Ադրբեջանում: Հունգարիայի Արդարադատության նախարարությունը ժամանակ առ ժամանակ կապվել է Ադրբեջանի իշխանությունների հետ, ովքեր հայտնել են, որ այն հանցագործությունը, ինչի համար Սաֆարովը դատապարտված է ցմահ ազատազրկման, համարվում է նաև հանցագործություն ըստ Ադրբեջանի քրեական օրենսգրքի և ենթակա է ազատազրկման: Ադրբեջանի իշխանությունները նաև հավաստիացրել են Հունգարիային, որ Սաֆարովը կկրի իր պատժի մնացած մասը իր հայրենիքում», – ասել է Սիյարտոն: Անդրադարձ է կատարվում նաև այն հանգամանքին, որ օգոստոսի 15-ին Ադրբեջանի Արդարադատության փոխնախարարը նամակ է հղել Հունգարիայի իշխանություններին, ըստ որի, դատապարտված մարդասպանը կարող է պայմանականորեն ազատ արձակվել 25 տարի պատիժ կրելուց հետո:
Իրականությունը շատ դժվար է: Արտահանձնման օրը Սաֆարովը, ով Հունգարիայում նկարագրվում էր, որպես «կացնով մարդասպան», ներում ստացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից և խանդավառ ընդունելության արժանացավ ժողովրդի կողմից: Ավելին, նրան բնակարան նվիրեցին և 8 տարվա աշխատավարձ: Սա չվրիպեց հարևան Հայաստանի աչքից: Նույն օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր երկիրը կասեցնում է հարաբերությունները Հունգարիայի հետ: Բարկացած հայերը բողոքի ցույց արեցին Երևանում Հունգարիայի հյուպատոսարանի մոտ և այրեցին Հունգարիայի դրոշը:
Հունգարիայում նույնպես բողոքի ցույցեր տեղի ունեցան: Կիրակի օրը Facebook-յան «Հայաստա՛ն, մենք զղջում ենք մեր վարչապետի համար» խումբը ավելի քան 9.000 անդամ ուներ: «Մեկ միլիոն հունգարական մամուլի ազատության համար» կազմակերպությունը Կոշուտ հրապարակում բողոքի ցույց կազմակերպեց` Հայաստանի հետ համերաշխության համար և կոչ արեց Վիկտոր Օրբանին բացատրություն տալ: Ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունը` Հունգարիայի Սոցիալիստական կուսակցությունը, հայտարարեց, որ ևս սպասում է բացատրությունների:
Նախկին վարչապետ Ֆերենս Գյուրսանիի Դեմոկրատ Կոալիցիոն կուսակցությունը դուրս եկավ փողոց: Նրանց բողոքի ցույց անցկացրեցին ընդդեմ Կառավարության կրթական քաղաքականության և շարժվեց դեպի Արդարադատության նախարարություն: Գյուրսանին ասել է. «Մի կառավարություն, որը կարող է վաճառել երկիրը 30 արծաթե մանեթի դիմաց և կարող է ազատ արձակել մարդասպանին, չի կարող կրթության էթիկա ներկայացնել դպրոցներում»: Նրա դիտարկումները առիթ տվեցին լրատվամիջոցներին գրել, որ հունգարական կառավարությունը 3 միլիարդ եվրոյի դիմաց Սաֆարովին հանձնել է Ադրբեջանին:
Գյուրսանին ասել է լրագրողներին, որ Ադրբեջանի իշխանությունները Սաֆարովին արտահանձնելու վերաբերյալ դիմել են նաև իր կառավարությանը: Սակայն, քանի որ պարզ էր, որ Սաֆարովը անմիջապես ազատ է արձակվելու հայրենիքում և հերոս է ճանաչելու, իր կառավարությունը մերժել է: Նա նշել է, որ Օրբանը պետք է տեղյակ լիներ հետևանքներից:
Դեմոկրատ Կոալիցիայի փոխնախագահ Քսաբա Մոլնարը մեղադրել է կառավարությանը «Հունգարիան վաճառքի հանված ապրանքի վերածելու համար»: Նա մեղադրել է Վիկտոր Օրբանին` «սատանայից փող վերցնելը նախընտրելու համար»: Բողոքի ակցիայի վերջում մոմեր են վառվել` ի հիշատակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի, ում Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր:
Աջ կուսակցականները ուրիշ ձև մեկնաբանեցին տեղի ունեցածը: Խորհրդարանական կուսակցության խմբի ղեկավարի տեղակալ և արտաքին գործերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Մարթին Գյոնգյոսին ասել է, որ արտահանձնումը ամբողջությամբ համապատասխանել է միջազգային նորմերին: Նա տեղի հանրային հեռուստաընկերությանը ասել է, որ Հայաստանի արձագանքը «հիստերիկ էր»: Գյոնգյոսին ասել է նաև, որ իր կուսակցությունը հայտարարել է Արևմուտքի հետ քաղաքականության բացման մասին, որտեղ Ադրբեջանը ռազմավարական գործընկեր է և անկախ այս դեպքից` Ադրբեջանը կմնա այդպիսի գործընկեր: