Բաժիններ՝

«Արա Մեհրաբյանն ինձ կանչեց իր մոտ և ասաց, որ շենքն իր սեփականությունն է, ու ինձնից սկսած` ամբողջ շենքը պետք է մաքրվի»

Մանկատան նախկին սան Իգոր Կայրամանյանն իր հղի կնոջ հետ շուտով հայտնվելու է փողոցում:

Բայց փողոցում է հայտնվելու ոչ միայն Իգորի ընտանիքը, այլև նույն հանրակացարանի շուրջ 3 տասնյակ ընտանիքները: Ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Իգորը ժամանակավորապես բնակություն է հաստատել Թբիլիսյան խճուղու 3/2 հանրակացարանում բնակվող իր ընկերոջ մոտ: Հանրակացարանի պարեկ Ստյոպա Հարությունյանի հետ համաձայնության գալով` Իգորը վերանորոգել է նույն շենքի մյուս կողմը հանդիսացող «Տրուդ ռեզերվի» սպորտսմեններին որպես հյուրանոց ծառայող հանրակացարանը, որը պատկանում է Արա Մեհրաբյանին:

Սպորտսմենների հյուրանոցը վերանորոգելու մեկամսյա աշխատանքից հետո Իգորը վերանորոգել է նաև հանրակացարանի տարածքում գտնվող իր ցախանոցը: «Քանի որ սպորտսմենների հանրակացարանը վերանորոգման կարիք ուներ, ես Ստյոպային առաջարկեցի, որ վերանորոգեմ, ու ինքն ինձ շենքում բնակելի տարածք տա: Ստյոպան ինձ տվեց 1 սենյակ` պադվալի դիմացի ցախանոցը: Ցախանոցին դուռ դրեցի, պատուհան դրեցի, մի խոսքով, վերանորոգեցի և առանձնացա ընկերոջիցս: Դա, ինչքան հիշում եմ, 2006թ. ամռանն էր»,- մեզ հետ զրույցում պատմեց Թբիլիսյան խճուղու 3/2 շենքի 17-րդ սենյակում բնակվող Իգոր Կայրամանյանը:

Իգորի խոսքով` հանրակացարանը գտնվում է վթարային վիճակում. «Շենքի ետևի պատը լրիվ իջել ա ներքև, կեսն էլ կախված ա ու էսօր-էգուց կընկնի: 6 ամիս առաջ փլվեց, դրա հետ կապված մարդիկ (հանրակացարանի բնակիչները.- Դ.Բ.) դիմեցին թաղապետարան ու տարբեր պետական հաստատություններ և տեղեկացան, որ էդ շենքն ունի սեփականատեր` Արա Մեհրաբյանը: Մեզ ասացին, որ թող ինքն էլ մտածի էդ մասին: Դրանից առաջ Ամերիկայից բարերար մարդիկ էին եկել և որոշել էին շենքը վերանորոգել: Հետո, որ իմացան` շենքն ունի սեփականատեր, այդ մարդիկ ոչինչ չարեցին և գնացին պետական հանրակացարան վերանորոգեցին ուրիշների համար:

Կարդացեք նաև

Մոտ 6 ամիս առաջ պարզվեց, որ շենքը Արա Մեհրաբյանի սեփականությունն է: Նախկինում, որ մարդիկ ամեն ամիս 6000, 12.000, 30.000 դրամ փող էին տալիս, հիմա արդեն չեն տալիս, որովհետև էն ժամանակ, եթե հույս կար, որ էս մուծումներից հետո կարող ա սեփականաշնորհվի, ապա հիմա հույս չկա: Մարդիկ հույս են ունեցել, որ մի օր դառնալու են դրա սեփականատերը, որովհետև օրենքը թույլ է տալիս, որ եթե դու բնակվում ես մի վայրում ու կոմունալ վճարումներ պարտադիր կատարում ես, և եթե այդ հանրակացարանը պետական է, ապա մի օր դա կարող է դառնալ քո սեփականությունը:

Մարդիկ տարիներ շարունակ կոմունալ վճարումներ էին կատարում` չիմանալով, թե ով է սեփականատերը, և ում գրպանն է գնում այդ գումարը: Եթե էս երկրում բնակարան չունենք, ի՞նչ հայրենասիրության մասին ա խոսքը: Հայրենիքն էն ա, որտեղ որ տուն ունես: Սակայն էս երկրի ի՞նչը սիրես: Ունեմ ընդամենը 12 քառակուսի տարածքով սենյակ, դա էլ ուզում են ձեռքիցս խլեն: Հիմա Մեհրաբյանը, որ ժամանակ որ ուզենա, մեզ կհանի, որովհետև շենքն իրենն ա: Շենքի սեփականաշնորհումը արվել ա գաղտնի»,- ասաց Իգոր Կայրամանյանը:

Նաև հավելեց. «Մոտ 1 ամիս առաջ Արա Մեհրաբյանն ինձ կանչեց իր մոտ և ասաց, որ շենքն իր սեփականությունն է, ու ինձնից սկսած` ամբողջ շենքը պետք է մաքրվի: Իր կաբինետում ահագին վիճեցինք: Ես էլ ասացի, որ կդիմեմ երկրի նախագահին: Հիմա հրամանը տվել ա, որ մեզ շենքից հանեն, և Ստյոպային էլ ասել ա. «Եթե դու չես կարողանում հանել, ուրիշին կնշանակեմ պարեկ, որ շենքը դատարկի»: Շենքում ապրում է մոտ 30 ընտանիք: Անընդհատ վախեցնում են, որ մի օր միլիցիայով կգան, կհանեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս