Կենտրոնական բանկի պարզաբանումները՝ հնարավոր գնաճի վերաբերյալ
ՀՀ Կենտրոնական բանկը, 168.am-ի հարցմանն ի պատասխան, մեկնաբանել է այն խոսակցությունները, որ այս տարվա սեպտեմբերից հատկապես պարենային ապրանքների գները շեշտակի թանկանալու են։
«Պարենային ապրանքների, մասնավորապես՝ հացամթերքների միջազգային շուկաներում հիմնարար լարվածության և գնաճային միտումների գերակշռման մասին ՀՀ կենտրոնական բանկը դեռևս նախանշել էր ԿԲ Դրամավարկային քաղաքականության 2012թ.-ի 3-րդ եռամսյակի ծրագրում: Հաշվի առնելով, որ ՀՀ սպառողական զամբյուղում պարենային ապրանքների մեջ զգալի կշիռը բաժին է ընկնում հացամթերք ապրանքախմբին (10.6%), ՀՀ ԿԲ-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հացահատիկի միջազգային գների զարգացումներին և ներքին շուկայի վրա դրա հնարավոր ազդեցությանը: Արդյունքում, 2012 թ. երկրորդ կիսամյակում հացամթերքների միջազգային գների կանխատեսվող 35.0 % աճի պայմաններում՝ ԿԲ-ն ակնկալում է ներքին գների ընդամենը 5.0% աճ, որի նպաստումը գնաճի ցուցանիշին կազմում է շուրջ 0.5 տոկոսային կետ: Ինչ վերաբերում է սեպտեմբերի կեսին Հայաստանում սպասվող գների կտրուկ աճին, ապա հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ ապրանքների գների մասին է խոսքը: Եվ համաձայն ԿԲ կանխատեսումների, հացամթերքների միջազգային շուկաների վերոնշյալ գնաճային ազդեցությունների հաշվի առնմամբ, 12-ամսյա գնաճի ցուցանիշը տարեվերջին կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում»,- նշված է ԿԲ պատասխանում: