«Ժառանգությունը» կարող է հանդես գալ սեփական նախաձեռնությամբ

Չի բացառվում, որ «Ժառանգություն» կուսակցությունը ԱԺ արտահերթ նիստում հանդես գա իր օրենսդրական նախաձեռնությամբ՝ կապված հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի որոշման վերաբերյալ: Այս մասին 168.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը: «Մենք առաջարկներ հաստատ կունենանք, իսկ, թե ինչպիսին կլինեն դրանք, դեռևս չեմ կարող ասել, քանի որ քննարկման փուլում են»,- ասաց նա:

Հարցին, թե խնդրի լուծման ի՞նչ տարբերակներ է տեսնում, որոնք չեն վտանգի նաև ԼՂՀ բանակցային գործընթացը, «Ժառանգության» ներկայացուցիչը պատասխանեց.  «Զարգացումների նման ուղղվածությունը ԼՂՀ խնդրով բանակցային գործընթացին որևէ լավ բան չի խոստանում: Դողալ այդ բանակցությունների վրա, որոնք, ըստ էության, չկան էլ, քիչ է մտահոգում: Ավելի կարևոր է, որ Հայաստանի կողմից շատ ավելի լուրջ քայլեր ձեռնարկվեն՝ Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերը լուծելու համար: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է ետ պահանջի Ռամիլ Սաֆարովին հունգարական բանտ»:

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` հնարավոր է Ռամիլ Սաֆարովին հունգարական բանտ վերահանձնել: Ըստ նրա՝  ավելի դժվար էր Սաֆարովին մեկ օրվա ընթացքում գաղտագողի տեղափոխելը, ներում շնորհելը, քան հունգարական բանտ հետ պահանջելը:

Անդրադառնալով Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի այն տեսակետին, թե Հայաստանը պետք  է վերանայի ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու փաստը, Ս. Սաֆարյանը նշեց, որ խորհրդակցության ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի հայտնած տեսակետները հենց դրան են տանում: «Եվրոպական արժեքների վերաբերյալ ես որևէ կասկած չունեմ: Այն կուսակցությունը, որը ես եմ ներկայացնում, հանդիսանում է Հայաստանի Եվրամիության անդամագրության ջատագով: Տվյալ պարագայում կա խնդիր՝ եվրոպական պրակտիկ քաղաքականության ու ստեղծված լռության հետ կապված, որը պետք է լուծում ստանա»,- ընդգծեց նա:

Ս. Սաֆարյանը հավելեց, որ Հունգարիան Հայաստանի համար նվեր չի արել՝ ավելացնելու համար ևս մեկ խաղաթուղթ՝ ընդդեմ Ադրբեջանի: Նա հորդորեց՝ հունգար ժողովրդին երբեք չնույնացնել հունգարական կառավարության հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս