
Օսկանյանը շարունակում է հանդիպել Քոչարյանին

«Նախագահական ընտրությունների հետ կապված՝ ես որևէ բան չեմ ուզում ասել, որևէ մեկի ասածը չեմ ուզում մեկնաբանել: Նաև ասեմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում դեռևս նախագահական ընտրությունները քննարկման առարկա չեն դարձել, այնպես որ, բոլոր վերլուծություններն ու եզրակացությունները, որոնք արվում են, դրանք զուտ ենթադրություններ են և որևէ հիմք չունեն»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը` անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն՝ նախագահական ընտրություններում իր թեկնածության հարցը հանվել է «Բարգավաճ Հայաստանի» օրակարգից:
Վ. Օսկանյանը չի ցանկացել խոսել նաև Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին. «Այն դեպքում, երբ Քոչարյանն անձամբ որևէ բան չի հայտնել, ես չէի ցանկանա որևէ մեկնաբանություն տալ: Եթե Քոչարյանն ինքն ասած լիներ, որ ուզում է վերադառնալ, ուզում է թեկնածու լինել, նոր կարելի էր կարծիք հայտնել, բայց նման հայտարարություն դեռևս չկա»: Իսկ հարցին` շարունակո՞ւմ է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին, պատասխանել է. «Այո, երբ առիթ լինում է, հանդիպում եմ»:
Վ,Օսկանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: