
Սյունիքի մաքսատան պետը պաշտպանում է ԲՀԿ-ի թեկնածուին

Սեպտեմբերի 9-ին Սիսիանի քաղաքապետի ընտրություններում Սիսիանի Երկրապահ կամավորական միությունը հայտարարել է, որ սատարելու է ՀՅԴ-ի թեկնածու Տիգրան Պողոսյանի թեկնածությունը: Սակայն այդ որոշումը չի ընդունել միության անդամ Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ), ով նաև Սյունիքի մաքսատան պետն է:
Վերջինս իր հերթին հայտարարել է, որ պաշտպանելու է Սիսիանի գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանի թեկնածությունը:
Սիսիանցիների փոխանցմամբ` վերջին երկու տարիներին Ա. Մինասյանը հանդես էր եկել Ա. Հակոբջանյանի գործունեության քննադատությամբ, և նույնիսկ բոյկոտում էր նրա կողմից կազմակերպված միջոցառումները: «Սիսիանցիներն ուղղ³կի ապշել են, որ Աշոտ Մինասյանը հերթական անգամ իր մարտական ընկերներին լքում է հանուն նրա, որ պահպանի իր ջերմ հարաբերությունները Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սիսիանի բնակիչներից մեկը: 168.am-ը փորձեց որոշ հարցերի պարզաբանում ստանալ Ա. Մինասյանից, սակայն, հեռախոսազանգին պատասխանեց նրա վարորդը (համենայնդեպս, այդպես ներկայացավ):
Վերջինս նախ հետաքրքվեց, թե ո՞վ է զանգահարողը, ապա տեղեկանալուց հետո ասաց, որ Ա. Մինասյանը խորհրդակցության է: