Պահանջում են Լիսկայի հրաժարականը

Սեպտեմբերի 9-ին  կայանալիք Կապանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ «Կապանը` կապանցիներին» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով: Այս մասին 168.am-ին ասել է նախաձեռնության անդամ Գագիկ Ղահրամանյանը` վստահեցնելով, որ իրենց նախաձեռնությունը «կուսակցական շահերից դուրս է»:

Հիշեցնենք, որ  օրեր առաջ մարզպետի ճնշումների արդյունքում՝ Կապանի գործող դաշնակցական քաղաքապետը՝ ՀՅԴ-ական Արտուր Աթայանը, ով իր թեկնածությունն էր առաջադրել Կապանի քաղաքապետի նաև այս ընտրություններում, ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել: Ա. Աթայանն իր հայտարարության մեջ նշել է, որ իր  քայլը պայմանավորված է ընտրապայքարի ժամանակ քաղաքում ստեղծված թշնամանքի մթնոլորտով:

Հիշեցնենք, նաև, որ Սուրեն Խաչատրյանը հայտարարել էր, որ ինքը սատարելու է ՀՀԿ-ական թեկնածու Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը:

«Ճնշումները հիմնականում կատարվում էին մարզպետի գլխավորությամբ: Մենք միանշանակ օգտվելու ենք բոլոր ընձեռված հնարավորություններից` հանրահավաքներ, համացանցից, թռուցիկներ տարածելով և այլն, մի խոսքով` օգտվելու ենք ամեն մեթոդից, որպեսզի, եթե անգամ այս ընտրությունները կայանան, ապա գոնե քաղաքացիները դեմ քվեարկեն միակ, անկրկնելի իշխանական թեկնածուին: Մարզպետը պետք է պատասխանատու լինի բարոյահոգեբանական այս վիճակի համար, այս ճնշումների համար: Միանշանակ մարզպետը պետք է տա առաջին պատասխանը: Ստեղծված իրավիճակում մենք գտնում ենք, որ մարզպետը պետք է հրաժարական տա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գ. Ղահրամանյանը:

Կարդացեք նաև

Ըստ նրա` կապանցին իրավունք ունի ընտրելու, բայց այսօր մարզային իշխանությունները պարտադրում են կապանցուն՝ ընտրել իրենց «չանցնող» թեկնածուին: «Օրեր առաջ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին հրավիրել էին Կապան` սոցիոլոգիական հարցում անցկացնելու համար: Մեր տվյալներով` մեծ առավելությամբ գործող քաղաքապետը հաղթում էր, և դա էր պատճառը, որ նրանք (նկատի ունի մարզային իշխանություններին.- Մ.Մ.) գնացին այդ քայլերին»,- ասաց Գ. Ղահրամանյանը` հավելելով, թե կապանցիները երբևէ ընկճված չեն եղել, պարզապես եղել են դյուրահավատ:

168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք չեն վախենում, որ մարզային իշխանությունները  ճնշումներ կգործադրեն իրենց վրա, Գ. Ղահրամանյանը պատասխանեց. «Ես ճանաչում եմ այդ անձնավորություններին և գիտեմ, որ իրենք հրապարակային քայլ չեն արել, իրենք միայն ընդունակ են ինչ-ինչ քայլեր անելու: Ես պատրաստ եմ ցանկացած զարգացումների: Չէի ասի, թե Վարդանանքի նահատակներից եմ, բայց` պատրաստ եմ ցանկացած զարգացման»:

 

Տեսանյութեր

Լրահոս