Բաժիններ՝

ՊԵԿ-ը մեկնաբանեց օրենսդրական փոփոխությունները

Վերջին օրերին մեծ աղմուկ հանած «Եկամտային հարկի մասին» օրենքի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ):

Մեր այն հարցին, թե «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխությունն ի՞նչ կտա հասարակ քաղաքացուն՝ վարձու աշխատողին, ՊԵԿ-ը պատասխանել է. ««Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթի մի մասն է, և «Կուտակային կենսաթոշակների մասին», «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքների հետ մեկտեղ՝ լուծում է ՀՀ քաղաքացիների բարձր կենսաթոշակային ապահովության մակարդակի ապահովման խնդիրը»:
Այն հարցին, թե արդյո՞ք, համաձայն օրենքում կատարված փոփոխության, ՊԵԿ-ը գործատուներին ստիպում է աշխատողների աշխատավարձը բարձրացնել, որպեսզի քաղաքացին չտուժի, տրվել է հետևյալ պատասխանը. «2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, բոլոր գործատուները պարտավոր են այնքան բարձրացնել վարձու աշխատողների աշխատավարձը, որպեսզի եկամտային հարկի պահումից հետո աշխատողի մաքուր ստանալիք ամսական աշխատավարձը պակաս չլինի ՀՀ կառավարության 30.05.2012թ. N 692-Ն որոշմամբ սահմանված չափից:
Այսինքն, օրենքով աշխատողի մաքուր ստանալիք աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունենում, իսկ աշխատավարձի հաշվարկային մեծության ավելացումը կատարվում է ներկայումս որպես գործատու կատարվող սոցիալական ապահովության վճարների հաշվին:
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը գործատուներին չի ստիպում բարձրացնել աշխատողների աշխատավարձերը, այլ իր կողմից իրականացվող հսկողական աշխատանքների ընթացքում վերահսկելու է գործատուների կողմից օրենքի այդ պահանջի ապահովման գործընթացը և խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրառելու է օրենքի նշված հոդվածով սահմանված պատասխանատվությունը»:

Եվ վերջապես, այն հարցի վերաբերյալ, թե արդյո՞ք այս փոփոխությունները չեն ավելացնի ստվերը, ՊԵԿ-ից մեկնաբանել են. «ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից մշակվել է «Եկամտային հարկի ներդրման հետ կապված հարկային մուտքերի հնարավոր նվազեցման ռիսկերի կառավարման ծրագիր», որը դիտարկում է եկամտային հարկի ներդրման հետ կապված ռիսկերը և միջոցառումներ է նախատեսում դրանք կառավարելու ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ վերջին օրերին 168.am-ն անդրադարձել էր այդ հարցին՝ մեկնաբանություններ ստանալով մի շարք մասնագետներից և անկախ փորձագետներից:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս