Լավ չէ
Տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծիքով, ներդրումների անկման պատճառն այն է, որ «պարզապես չհասցրեցինք բարենպաստ պայմաններ ստեղծել ներդրումների համար»:
168.am-ի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ներդրումների շեշտակի անկումն այս տարվա առաջին կիսամյակում, և ինչպե՞ս այդ ամենը կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Լավ չէ: Ցանկալի չէ մեզ բոլորիս համար՝ ներդրումների կտրվածքով նման ցուցանիշների ամրագրումը»:
«Երևի թե պարզապես չհասցրեցինք բարենպաստ պայմաններ ստեղծել ներդրումների համար: Երևի թե պատճառը դա է»: Մեր այն հարցին, թե արդյո՞ք նա համամիտ է այն կարծիքի հետ, որ ներդրումները նվազում են նախընտրական թոհուբոհի շրջանում, Վ.Բոստանջյանը պատասխանեց. «Ես ավելի հակված եմ մտածել, որ կառավարական համակարգը որքան էլ ուզենա ոչ արդյունավետ աշխատել, ես 100%-ով համոզված եմ, որ իրենք չեն ուզենա ներդրումներն այդքան կտրուկ նվազեցնել կամ այդքան նշանակալի թվերով իջեցնել»:
Ըստ Բոստանջյանի՝ պարզապես հանգամանքների բերումով է, որ նմանատիպ իրավիճակում է հայտնվել ներդրումային ոլորտը: «Տեսե՛ք տարածաշրջանում ինչ իրավիճակ է՝ Մերձավոր Արևելք, Իրանի դեպքերը, սանկցիաները: Այդ ամեն ինչն ուղղակի և անուղղակի ձևով ազդեցություն է ունեցել ներդրումների վրա»,- ասաց Վ.Բոստանջյանը: