Ես, որպես կոլեգա, Ձեր փոխարեն հրաժարական կտայի

Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարար Թիբոր Նավրաչիչին նամակ է հղել ՀՀ արդարդատության նախարար Հրայր Թովմասյանը` տեղեկացնելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը խզում է Հունգարիայի արդարադատության նախարարության հետ փոխհարաբերությունները:

Նամակում մասնավորապես նշվում է.

«Խորը վրդովմունքով և հիասթափությամբ ընդունեցի Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարության կողմից, մարդկության պատմության բոլոր ժամանակներում դատապարտելի արարք՝ մարդասպանություն գործած անձին՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան փոխանցելու փաստը:

Եվրոպական արժեքները համամարդկային են և այո, դրանք ներառում են մարդասիրություն: Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիան (1983 Strasbourg Convention on the Transfer of Sentenced Persons) հենց այդ արժեքի գիտակցմամբ է սահմանում դատապարտյալի փոխանցման հնարավորությունը:

Կարդացեք նաև

Սակայն եվրոպական ոչ պակաս արժեքներ են նաև արդարությունն ու պատժի անխուսափելիությունը:

Իմ խորին համոզմամբ Դուք պարտավոր էիք իմանալ մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելուց հետո նրա հետագա ճակատագիրը: Դուք պարտավոր էիք իմանալ, որ ազգային թշնամանքի շարժառիթով սպանություն կատարած անձին հանձնում եք մի երկիր, որտեղ նրան հերոսացնում են: Դուք պարտավոր էիք գիտակցել, որ այդ հերոսացումը ապտակ է առաջին հերթին Հունգարիայի արդարադատությանը, և ընդհանրապես, ողջ եվրոպական արժեհամակարգին, որը մարդակենտրոն է, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, նրա կյանքը, նրա հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Թույլ տվեք չհավատալ ձեր անկեղծությանը, որ փոխանցման համար Ձեզ բավարարել է Ադրբեջանական կողմի ինչ-ինչ հավաստիացումներ:

Դուք պարտավոր էիք ադրբեջանական կողմից հավաստիացում և երաշխիք ստանալ առ այն, որ մարդասպանը պետք է Ադրբեջանում շարունակեր իր պատժի հետագա կրումը: Ավելին, նման հավաստիացում ստանալու պարագայում, անգամ, դուք պարտավոր էիք չփոխանցել մարդասպանին՝ գիտակցելով, որ այդ հավաստիացումները սին են, քանզի այդ մարդասպանը տարիներ շարունակ հերոսացվել է ադրբեջանական իշխանությունների կողմից:

Ես, որպես կոլեգա, Ձեր փոխարեն հրաժարական կտայի:

Սակայն Ձեր հրաժարականի դեպքում, անգամ, Գուրգեն Մարգարյանի ընտանիքը, հայ ժողովուրդը և ողջ առաջադեմ մարդկությունը Ձեզ հիշելու են որպես մարդասպանին «արդարացնող» մարդու:

Հիմք ընդունելով վերոշադրյալը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպայի Խորհրդում և մյուս միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարության հետ փոխհարաբերությունները խզելու մասին»:

 

Տեսանյութեր

Լրահոս