«Մենք ապրում ենք խոզության ժամանակաշրջանում»

«Վերջերս մի իրադարձություն տեղի ունեցավ, որը ցույց տվեց Հայաստանի իրական անկախության աստիճանը, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվեց մեկնել Թեհրան: Սա բացարձակ խայտառակություն էր Հայաստանի համար»,- 168.am-ի հետ զրույցում` խոսելով արտաքին քաղաքական հարթությունում  Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին, ասաց Աշոտ Մանուչարյանը:

«Եվ ես չէի մեղադրի միայն պաշտոնյային, ով զբաղեցնում է այդ դիրքը: Մենք պետություն չունենք, քանի որ բոլոր այրերը պետք է ենթարկվեն արտաքին մանիպուլյացիաներին, այլապես կկորցնեն իրենց պաշտոնները և հնարավորությունները: Բայց Հայաստանում ոչ ոք չեղավ, որ ասեր` սա ինչ խայտառակություն է…: Հայ ժողովրդի համար Իրանի ժողովուրդը, Իրանը Հայաստանի համար հսկայական դեր է խաղում:

Եվ ամենակարևորը` հայ և իրանցի ժողովուրդները մարդկությանը շատ կարևոր բաներ ունեն տալու, քանի որ քրիստոնեական և իսլամական հազարամյա քաղաքակրթությունների կրողներն են, որոնք շատ խորը համագործակցության մեջ կարող են մտնել: Եվ այստեղ ինչ-որ մի ընթացիկ կայսրության քմահաճույքի ներքո հարվածի տակ դնել մարդկության համար շատ խորքային մի երևույթ, դա բացարձակապես անընդունելի է: Եվ այս իմաստով` կարծում եմ, որ այս կարծրատիպերը ոչ թե պետք է կոտրեն իշխանությունները, որոնք ոչ թե վատն են կամ հատուկ ձևի բուծված էակներ են, ոչ,  նրանք էլի մերոնք են, բայց քանի որ մենք խոզության ժամանակաշրջանում ենք գտնվում այժմ, նրանք էլ դարձել են այդ խոզության մարմնավորողն ու կրողը:

Այստեղ այդ դերը պետք է կատարեին նրանք, ովքեր այսօր ակտիվ են, ովքեր կարծում են, որ Հայաստանում պետք է փոխվի իրավիճակը: Նրանք պետք է իրենց ձայնը բարձրացնեին և ներկայացնեին հայտարարություն կայսրություններին` ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, թե՝ սա ի՞նչ շանտաժներ են, սա ի՞նչ թշնամանք է: Բայց այդ ամենը տեղի չունեցավ: Սա արտացոլում է վիճակը մեր քաղաքացիական հատվածի, որը, լինելով արևմտյան քաղաքակրթության կրողը, չի սիրում Իրանին: Մենք պետք է քննարկենք և որոշենք, եթե Իրանը սխալ է, գանք այն եզրակացության, որ Իրան պետք չէ գնալ, և չգնանք: Բայց ոչ թե բրիտանական ու ամերիկյան թերթերի հրապարակումները կամ նրանց երրորդական կամ չորրորդական չինովնիկների զանգերը մեզ ստիպեն այս բանը անել կամ չանել: Իրանի համար շատ կարևոր էր մեր համերաշխությունը, և մենք պարտավոր էինք այնտեղ լինել»,- ասաց Ա.Մանուչարյանը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ նախատեսվում էր Սերժ Սարգսյանի այցը Թեհրան` Չմիավորման շարժման գագաթաժողովին մասնակցելու նպատակով, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ նախագահի փոխարեն՝ Թեհրան է մեկնել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

 


 

 

Տեսանյութեր

Լրահոս